«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ-ում նշվեց դատախազության աշխատողի օրը: Սերժ Սարգսյանը այդ առիթով հատուկ ելույթ ունեցավ եւ ասաց, որ դատախազությունը իրավապահ ոլորտում լրջագույն դերակատարություն ունեցող օղակներից մեկն է: Նա ասաց, որ կոռումպացվածներին պետք է վանել համակարգից, քանի որ պրոֆեսիոնալ բարեխիղճ տեսակը թանկ է մեզ համար: Թե որն է այդ տեսակը, մեզ այդպես էլ պարզել չհաջողվեց:
Հիշեցնենք՝ հունիսի 23-ին կայացած նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը ՀՀ գլխավոր դատախազությանը հատկացրեց 150 միլիոն դրամ՝ դատախազներին խրախուսելու համար: Ըստ դատախազության հիմնավորման` դատախազներին խրախուսում են ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, աշխատանքային հաջողությունների եւ այլ վաստակի համար: Սակայն նախագծի մեջ չէր գաղտնազերծվել, թե կոնկրետ որ դատախազներն են պարգեւատրման արժանի եւ կոնկրետ ինչ հաջողություններ են արձանագրել, որ որոշվել է նրանց պարգեւի արժանացնել: «Ժողովուրդ»-ը դեռեւս հունիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու. «…թե քանի դատախազ ինչքան դրամ պարգեւատրում է ստանալու, հայտնել այն դատախազների ցանկը, որոնք պարգեւատրվել են, …ինչ ծառայողական պարտականություններ են պատշաճ կատարել դատախազները կամ ինչ աշխատանքային հաջողություններ են ունեցել, որ պարգեւատրվել են»: Եւ ահա 3 օր անց «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանը դատախազությունից պատասխանել են. «… Հատկացված գումարից աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար եւ դատախազության օրվա կապակցությամբ դրամական պարգեւով խրախուսվել են թվով 311 դատախազները»:
Այսպիսով՝ 600 աշխատակից ունեցող ՀՀ դատախազությունում բոլոր 311 դատախազները բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքը եւ մեր հաշվարկներով կստանան մոտ 482 հազար դրամ խրախուսանք: Իսկ թե հատկապես ինչ բարեխղճության համար, դատախազությունը գաղտնի է պահում այնպես, ինչպես նախաքննության ընթացքը: Հուսանք՝ գոնե կազմվելիք մեղադրական եզրակացություններում կարտացոլվի իրականությունը, եւ կիմանանք, թե հատկապես որ բարեխղճության համար են պարգեւատրվել: Նկատենք, որ ուշագրավ զուգադիպությամբ, 2017թ. մայիսի 18-ին կառավարության որոշմամբ 150 գրամով պակասեցվեց ՀՀ-ում 1 կալանավորին տրամադրվող հացի չափաբաժինը»:
Ավելի մանրամասն `թերթի այսօրվա համարում: