Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հուլիսի 2- ին հրապարակվել է սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի հետաքննական նյութում անդրադարձ է կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։
Հոդվածը հրապարակվել է, երբ բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել է Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Հոդվածագիրը նշում է, որ վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական ընկերությունը քողարկվել է դիվանագիտական ծխածածկույթով՝ աշխարհի տարբեր թեժ կետեր տասնյակ տոննաներ զենք և զինամթերք ուղարկելու համար։ Այդ զինատեսակների մեծ մասն օգտագործվել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Հոդվածագիրը նշում է նաև, որ Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կարող է օգտագործված լինել Լեռնային Ղարաբաղում։
Խոսուն փաստերով ապացուցվում է, որ 2016թ․Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, իբր հայկական կողմը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել ոչ այլ ինչ է, քան կեղծիք։ Ադրբեջանից զինվորականների՝ իբր գտած նռնակն ամենայն հավանականությամբ, եղել է հենց անօրինականորեն տեղափոխվող զենքերի խմբաքանակից։ Օգտագործելով է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հասցեն՝ պետական ընկերությունը իրականացրել է անօրինական գործունեություն, ինչն անհնար կլիներ առանց Բաքվի բարձրագույն իշխանության թողտվության ու գիտության։
Արտահոսքի արդյունքում հասանելի դարձած փաստաթղթերը վկայում են, որ Ադրբեջանը նմանօրինակ գործելաոճ որդեգրել է ոչ միայն Բուլղարիայի, այլև մի շարք երկրների դեպքում, որոնցում գործող դեսպանատները Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից համապատասխան կարգադրություններ են ստացել։ Տեղի ունեցածը ոճ միայն միջազգային իրավունքի, այլև Օդային տրանսպորտի միջազգային ընկերության (IATA) նորմերի աղաղակող խախտում է, որի առաջ բազմաթիվ երկրների պատասխանատուներ (ըստ հոդվածագրի՝ Բուլղարիա, Սերբիա, Ռումինիա, Չեխիա, Հունգարիա, Սլովակիա, Լեհաստան, Թուրքիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան և այն) աչք են փակել։
Ադրբեջանական ավիաընկերության կարևոր հաճախորդներից ու կոմերցիոն «դիվանագիտական զենքի տեղափոխման» ծառայություններից օգտվել են նաև ամերիկյան կազմակերպություններ, որոնք զենք են մատակարարում ԱՄՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներին։ Ըստ գնումների դաշնային համակարգի տվյալների, վերջին երեք տարվա ընթացքում ԱՄՆ մի շարք ընկերություններ ստացել են մեկ միլիարդ դոլար՝ զենքի արտադրության ու արտահանման համար և նրանք բոլորն օգտվել են Silk Way Airlines ընկերության ծառայություններից։ Ավիաընկերության օդանավերի գերծանրաբեռնվածության կամ անհասանելիության դեպքում՝ օգտագործվել են Ադրբեջանի բանակի ինքնաթիռները, սակայն նշված զենքից և ոչ մի հատ չի հասել Ադրբեջան, ինչը փաստում է զենքի անօրինական առևտրում պետության անմիջական ներգրավվածության մասին։
Ամերիկյան ընկերությունների առաքումները հիմնականում անցնում են Ալ- Քաիդայի մասնաճյուղ հանդիսացող Ալ- Նուսրային կամ ուղարկվում են Աֆղանստան: Ընկերության ծառայություններից օգտվող այլ պետություններից են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնցից առաջինը Արևելյան Եվրոպայում ձեռք է բերում զինատեսակներ և դրանք առաքում Աֆրիկայի տարբեր երկրներ և Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությանը։
Բացի 2015թ․մարտ- մայիս ամիսներին ավիաընկերության տեղափոխած շուրջ 202 տոննա սպիտակ ֆոսֆորից (Սերբիայից և Բուլղարիայից, վերջնական կանգառը Քաբուլ), ընկերության գործունեության արդյունքում լուրջ զինատեսակներ են հայտնվել Բուրկինա Ֆասոյում և իսլամական պետության զինյալների ձեռքին։ Հատկանշական է, որ ընկերությունը ներգրավված է եղել հյուսիսային Սիրիայի տարածքում գործող քրդերին և Թուրքիայի դեմ պայքարող Քրդական բանվորական կուսակցությանը զինելու գործում։ Քրդերի նկատմամբ նման «բարեհաճությունն», ըստ հեղինակի, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի առաջնորդն էթնիկ քրդական ծագում ունի։ Հետաքննության բոլոր կողմերին պարզաբանումների համար դիմած լրագրողը դեռևս որևէ մեկնաբանություն չի ստացել։