Հուլիսի 3-ին Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2017 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները:
Հրավիրված կիսամյակային աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված ընթացակարգի, ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցներ:
Ըստ վիճակագրության՝ 2017 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 12279843687ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 849 765 կատարողական վարույթների, իսկ ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 795 303 կատարողական վարույթ:
2016 թվականի 1-ին կիսամյակի համեմատությամբ 2017 թվականի առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 9,81 տոկոսով: 2017 թվականի 1-ին կիսամյակում ընթացք տրված կատարողական վարույթների թիվը նույնպես աճել է՝ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ 27,5տոկոսով: Համապատասխանաբար աճել է նաև կարճված և ավարտված կատարողական վարույթների թիվը՝ շուրջ 35 տոկոսով:
Առանձին ելույթով Ծառայության ղեկավարին է զեկուցվել ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ստացված դիմումների, գրությունների, թեժ գիծ ծառայության կողմից ստացված զանգերի ու դրանց բովանդակությանվիճակագրությունը:Մասնավորապես՝ զեկուցվել է, որ նշված ժամանակահատվածում թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 10 966 զանգերի, իսկ Ծառայության արագ սպասարկման գրասենյակում նույն ժամանակահատվածում սպասարկվել են թվով 41 862 քաղաքացիներ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցվել նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, դրանց ընդհանուր շարժի և այլ ցուցանիշների վերաբերյալ: Արմեն Հարությունյանն անդրադարձել է այն հանգամանքին, որ զգացվում էհարկադիր էլեկտրոնային աճուրդներին մասնակից քաղաքացիների թվի աճ, ինչը վկայում է համակարգի թափանցիկության, քաղաքացիների կողմիցվստահության աճի մասին: Կառույցի ղեկավարը նշել է, որ Ծառայությունը շարունակելու է հետամուտ լինել հարկադիր էլեկտրոնային աճուրդների ընթացակարգն էլ ավելի դյուրինացնելու և համակարգի թափանցիկությունն էլ ավելի բարձրացնելու գործընթացում:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդգծել է, որ Ծառայությունը շարունակելու է բաց, հասանելի ու մատչելի դարձնել քաղաքացիների համար Ծառայության բոլոր գործառույթները՝ հնարավորինս պարզեցնելով թե՛ վճարման պայմանները, թե՛ տեղեկատվության հասանելիությունը:
Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է բաժինների պետերին խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, կարգադրել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, գործողություններում՝ օպերատիվ, աշխատել սրտացավությամբ՝ բարձր պահելով սպայի կոչումն ու արժանապատվությունը:
Ընդլայնված կազմով խորհրդակցությանը նախորդել է նորանշանակ հարկադիր կատարողների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը շնորհավորել է Ծառայության շարքերը համալրած թվով 6 հարկադիր կատարողներին, որոնք երդվել են անվերապահորեն ու բարեխղճորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին՝ խստագույնս պահպանելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները: «Անցնելով պետական ծառայության՝ այսօր դուք ստանձնում եք շատ լուրջ առաքելություն: Մեր Ծառայության ավագ սերունդը պատրաստակամ է ձեզ օգնելու, օժանդակելու, որպեսզի նոր կարգավիճակով ձեր ծառայությանն անցումը լինի սահուն, անխոչընդոտ, և դուք պատվով կատարեք ձեր բարդ, բայց շատ պատվաբեր աշխատանքը: Բարով եք եկել հարկադիր կատարողների մեծ ընտանիք», – նշել է Արմեն Հարությունյանը: