«Ձորակ» խնամքի կենտրոնում երեխա է այրվել. ինչ հանգամանքներում է տեղի ունցել դեպքը, և ով է մեղավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարմանալի դեպք է գրանցվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Ձորակ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում:  ՊՈԱԿ-ի աշխատակից Թերեզա Մանասերյանը որոշել է լողացնել խնամքի կենտրոնի սան Սոնա Հակոբյանին, սակայն լողացնելը կենտրոնի սան Սոնա Հակոբյանի վրա ծանր է նստել եւ երեխան, ըստ էության, այրվել է:
Պարզեցինք, որ Թերեզա Մանասերյանը Սոնա Հակոբյանին լողացնելիս չի ստուգել ջրի ջերմաստիճանը, ջրի ցնցուղը պահել է կենտրոնի սանուհու վրա, որի հետևանքով եռման ջուրն այրել է նրա մարմինը` վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Այս ամենի համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Ձորակ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Թերեզա Մանասերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածի առաջին մասով` անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այն
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

Նշենք, որ «Ձորակ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Նկատենք, որ այս տարվա ընթացքում սա առաջին դեպքը չէ, որ հասատատությունների աշխատակիցների անուշադրության արդյունքում երեխաների կյանքն է վտանգվում:
Ինչպես հայտնի է, 2017 թվականի փետրվարի 14-ին, ժամը 09:30-ի սահմաններում 4-ամյա Ռոբերտ Դալլաքյանի դին հայտնաբերվել էր Դեբետ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում: Պարզվել էր, որ մանկահասակ Ռոբերտ Դալլաքյանին մայրը նույն օրը երեխային տարել էր Լոռու մարզում գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ մայրը նրան հանձնել է նշված հաստատության դաստիարակչուհու Գայանե Մալխասյանի հսկողությանը։ Ժամը 09։30-ի սահմաններում դաստիարակչուհին կազմակերպել է ներկա-բացակա, որին փոքրիկը ներկա եղել է, իսկ ստուգելու գործողությունն ավարտելուց հետո նկատել է, որ բացակայում է։

Ըստ դաստիարակչուհու՝ այդ մասին հեռախոսազանգով տեղեկացրել է երեխայի մորը։ Փոքրիկի դին հայտնաբերել է նրա պապը՝ նրան որոնելիս, նախադպրոցական ուսումնական հաստատությանը կից հոսող Դեբեդ գետում` բերանքսիվայր ջրում ընկած վիճակում: Եվ ահա 3 ամսից ավել տեւած քննությունից հետո Քննչական կոմիտեն հայտնում է, որ տվյալներ են ձեռք բերվել, որ երեխան նախադպրոցական ուսումնական հաստատության շենքից դուրս է եկել պատասխանատու անձի անփութության հետևանքով։ Մասնավորապես՝ ստորագրված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Լոռու մարզի բնակչուհին աշխատել է նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝ որպես դաստիարակ, ում պարտականությունների մեջ է մտել հսկողություն իրականացնել իրեն վստահված երեխայի նկատմամբ։ Սակայն դրսևորված անգործության և անփութության հետևանքով մանկահասակ երեխան, ով ունեցել է խոսքի որոշ խնդիրներ, միայնակ դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից և գնացել շուրջ 300 մետր հեռավորության վրա գտնվող Դեբեդ գետի ուղղությամբ:

Արդյունքում դաստիարակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով` անզգուշությամբ մահ պատճառել: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Եվ ահա այս քրեական գործով նախաքննությունը ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան:




Լրահոս