Հուլիսի 4-ին Երևանում ամփոփվել են «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված քննարկումների շրջանակում հասարակական կազմակերպության անդամները եղել են հանրապետության մարզկենտրոններում, հանդիպել տեղի բնակչության հետ և ներկայացրել ծրագրերը, դրանց պայմանները, ընձեռվող հնարավորություններն ու առավելությունները: Երևանում կայացած ամփոփիչ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է առաջարկվող ծրագրերի վերաբերյալ տեսակետներին և կարծիքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:
Շնորհակալություն հայտնելով «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ներկայացուցիչներին իրականացված աշխատանքի համար, Վիգեն Սարգսյանը կարևորել է նման քննարկումների դերը՝ հանրային իրազեկման տեսանկյունից։ Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համայնքային քննարկումների ընթացքում բարձրաձայնված առաջարկություններն ու կարծիքները ևս կուսումնասիրվեն և հաշվի կառնվեն՝ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս: