Մինսկի խումբը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության լարման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ «ստացել են տեղեկատվություն հուլիսի 4-ի ուշ երեկոյան Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղի շրջանում բռնության վերսկսման մասին, որը պատճառ է դարձել մարդկային կորուստների, այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում»:

«Մինսկի խումբը հրատապ կերպով կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն ծնում է հետագա բռնություն և ոչինչ չի տալիս: Այս երկարատև հակամարտության լուծման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքով բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

Նրանք նաև իրենց ցավակցությունն են հայտնել զոհերի ընտանիքներին:

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:




Լրահոս