Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններից հետո հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանի հետագա սադրանքներից և կորուստներից խուսափելու նպատակով Բաքուն պետք է համաձայնի կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները»,- թվիթերյան իր միկրոբլոգում նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ երեկ Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Եվ ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ է, որ ադրբեջանական կողմը նման տեխնիկա է օգտագործել:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: