Իրանցի գործարարների հետ քննարկվել է գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր ընդունել է Իրանի գյուղատնտեսական սարքավորումներ արտադրողների ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվողմի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը ներկա էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, գյուղատնտեսական սարքավորումներ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

«Մեր այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կիրառվող տեխնիկային և հարակից սարքավորումներին, դրանց հզորություններին, ինչպես նաև գործարար կապեր հաստատել տեղական արտադրողների հետ իրանական գյուղտեխնիկայի մատակարարման և նորագույն տեխնոլոգիաների ներմուծման նպատակով», – նշել է ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթին:
Այնուհետև կողմերը քննարկել են գյուղտեխնիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները: Տեղեկացնելով Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ծրագրերի վերաբերյալ` Ռոբերտ Մակարյանն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել նաև այդ ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունը:
Նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև իրանական գյուղտեխնիկայի նմուշների ներկայացումը հոկտեմբերին Երևանում կայանալիք «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին, ինչը Ռոբերտ Մակարյանի համոզմամբ հնարավորություն կընձեռի հայ ֆերմերներին տեղում ծանոթանալ արտադրանքին:
«Նախքան իրանական տեխնիկան հայկական շուկա դուրս բերելը, հարկավոր է հայ ֆերմերներին տեղեկացնել դրանց հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ», – նշել է Ռոբերտ Մակարյանը:

Հայ-իրանական համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու նպատակով փոխնախարարն առաջարկել է իրանցի գործարարներին սերտորեն համագործակցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ և ստորագրել հուշագիր, որում կներառվի նաև միջոցառումների հստակ ժամանակացույց:
Որպեսզի իրանական գյուղտեխնիկան հայկական շուկայում լինի մրցունակ և ունենա պահանջարկ` Ռոբերտ Մակարյանը միաժամանակ ընդգծել է բարձր որակի և մատչելի գների ապահովման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գյուղտեխնիկայի հավաքման համատեղ կենտրոնի ստեղծման հնարավորությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս