Պանդորայի արկղն արդեն բացված է. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

-Տիկի′ն Զոհաբյան, ինչպե՞ս կամփոփեք ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Այն ինչով էր կարևոր Հայաստանի համար:

– Ես ընդհանրապես սխալ եմ համարում այն մոտեցումը, որ ամեն նստաշրջանից առաջ և հետո կամ ընթացքում լրագրողները հարցնում են, իսկ Հայաստանին վերաբերող հարց կա, թե ոչ: Եթե մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, եթե մենք եվրոպական այդ ընտանիքի անդամ ենք, ուրեմն ցանկացած հարց, որ այնտեղ քննարկվի, ինչ ուզում է լինի դա, դա ուղղակիորեն վերաբերում է նաև մեզ: Որովհետև մենք Եվրոպայի խորհրդի 47 անդամներից մեկն ենք: Իհարկե լինում են հարցեր, որոնք կոնկրետ առնչվում են Հայաստանին, օրինակ պարտավորությունների կատարումը, ժողովրդավարության հարցերի հետ կապված: Օրինակ, այս նստաշրջանում մոնիթորինգի հանձնաժողովում կարճ քննարկում եղավ ապրիլյան խորհրդարանական ընտրությունների մասին, որտեղ ընդդիմության կողմից մասնակցում էի ես:

– Իսկ այս նստաշրջանն ինչո՞վ առանձնացավ:

– Հայկական լսարանի համար հետաքրքրիր էր ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի ճակատագիրը: Ասեմ, որ ճակատագիրը կանխորոշված է: Պեդրո Ագրամունտն այլևս ԵԽԽՎ նախագահ չէ: Բյուրոյի որոշմամբ նա այլևս հեռացված է այդ պաշտոնից: Նա իրավունք չունի ներկայացնելու ԵԽԽՎ-ն, անունից մեկնելու գործողումների, իրավունք չունի նաև ԵԽԽՎ բյուջեին կպնելու: Մնում է միայն ֆորմալ մասը, դա քվեարկությունն է:

-Իսկ ինչո՞ւ այս նստաշրջանում այն տեղի չունեցավ:

-Անհրաժեշտ էր 2/3-րդ, իսկ պատվիրակների զգալի մասը մեկնում էր: Այստեղ քաղաքական պահի ճիշտ նպատակահարմարության խնդիր կար: Ես վստահ եմ, որ հոկտեմբերին մենք կունենանք ԵԽԽՎ նոր նախագահ: Շատ կարևոր է, որ հաստատվեց ստեղծել անկախ մարմին, որը հետաքննելու է այս կամ այն  պաշտոնյայի վերաբերյալ կոռուպցիոն հայտարարությունները: Ես կարող եմ ասել, որ պանդորայի արկղն արդեն բացված է, ջինը շշից արդեն բաց է թողնված:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս