Հունիսի 26-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դիմել էր կրթության եւ գիտության նախարարությանը՝ ոչ պետական ԲՈՒՀ-երում հայտնաբերված խախտումները վերացնելու եւ հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: Ի՞նչ է պատրաստվում անել Լեւոն Մկրտչյանը, եթե ԱԱԾ-ի զգուշացումից հետո կրկին նման դեպքեր արձանագրվեն:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն պարզել էր, ոչ պետական բուհերի երեք ռեկտորներ դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ են տրամադրել, մասնավորապես դիպլոմներ են հատկացվել ՀՀ 2, Իրանի 1, ԱՄՆ 8, ՌԴ 2, Ուզբեկստանի 1, Իսրայելի 1, Վրաստանի 5 քաղաքացիների:
Իհարկե, ԱԱԾ քննչական վարչության կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով միջնորդագիր է ուղարկվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն՝ ոչ պետական ԲՈՒՀ-երում հայտնաբերված խախտումները վերացնելու եւ հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից փորձեց պարզել, թե ինչ է անելու, եթե ազգային անվտանգության ծառայության զգուշացումից հետո կրկին նմանօրինակ խախտումներ հայտնաբերվեն:
-Պարո՛ն Մկրտչյան, ազգային անվտանգության ծառայությունը, դիմելով նախարարություն, զգուշացրեց, որ բացառեն կեղծ դիպլոմներ տրամադրելու երեւույթները: Ըստ էության ոլորտի քաղաքական պատասխանատուն Դուք եք, ի՞նչ եք անելու, եթե այս զգուշացումից հետո էլի դեպքեր բացահայտվեն:
-Ոչ թե կրկնվի, այլ այս փաստի հիման վրա կոնկրետ հաստատությունների լիցենզիան կվերցնենք, որովհետեւ չի տրված որեւէ մեկին իրավունք խաղալ Հայաստանի հեղինակության հետ:
-Այսինքն՝ նմանօրինակ դեպքերի շարունակության դեպքում Ձեր քայլը լինելու է լիցենզիայից զրկե՞լը:
-Հանձնաժողով կա, կքննենք, կտեսնենք՝ ինչ է, եւ եթե կա նաեւ դատարանի որոշում եւ կոնկրետ փաստեր, ապա այդ բուհը բարոյական իրավունք չունի շարունակել իր գործունեությունը, եւ կհասկանանք՝ ինչ կարող ենք անել:
-Ըստ Ձեզ՝ ԱԱԾ-ի զգուշացումը իրավական գործընթացի հետեւա՞նք էր, թե՞ այս նախազգուշացումը քաղաքական ենթատեքստ ունի: Մի՞գուցե Հանրապետական կուսակցությունից են ՀՅԴ-ին հաղորդագրություն ուղարկում՝ յուրացում, չարաշահում չանեք:
-Չէ՛, ազգային անվտանգության դիմումը տրված է, որ կա քրեական գործ, եւ մենք պետք է սպասենք արդյունքներին:
-Դուք զգուշացման մեջ քաղաքական ենթատեքստ չեք տեսնում, գուցե իշխող կուսակցությունից զգուշացնո՞ւմ են:
-Չէ՛, չէ՛, կոնկրետ հաստատությունները, որոնց անունները հնչեց այդտեղ, ինձ թվում է, որ այդտեղ որեւէ քաղաքական խնդիր չկա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան