«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակիչներն արտակարգ իրավիճակում են հայտնվել: Թաղամասի 22 բնակելի բազմահարկ շենքի կոյուղատար համակարգերը թերի կառուցապատման արդյունքում շարքից դուրս են եկել: Այժմ խնդիր է առաջացել՝ փոխել 264 կոյուղատար համակարգ:
Թաղամասի բնակիչները armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացնում են, որ կոյուղատար համակարգի հետ կապված խնդիր եղել է դեռ այն ժամանակ, երբ շենքերը նոր էին շահագործման հանձնվել:
«Արագ հանձնելու պատճառով փորված պադվալները հողով ու աղբով են լցրել: Խողովակները մնացել է էդ լիցքի տակ: Ծանրությունն ընկել է խողովակների վրա եւ տրուբեկը իրարից անջատվել են, կեղտաջուրը լցվում է շենքի տակ, խոնավացնում բնակարանները: Պրոբլեմը սաղ շենքերում կա: Շինարարի թերություն է: Շան հոտ է գալիս, վտանգավոր է այստեղ ապրելն՝ արդեն յոթ տարի»,- armtimes.com-ի հետ զրույցում բողոքում են Մուշ-2 թաղամասի 18 շենքի բնակիչները:
Անորակ շինարարությունն այժմ բնակիչներին լրացուցիչ ծախսերի առջեւ է կանգնեցրել: Թաղամասի բնակիչները տուն առ տուն գումար են հավաքում, որպեսզի հիմնովին փոխեն կոյուղատար համակարգը:
«Մենք երեք հարեւաններով 30 հազար դրամ փող ենք տվել, որ միայն պատը ծակեն: Առաջին օրվանից խողովակները ծակ են եղել, առաջին օրվանից ջուրը լցվել է տան տակը: Յանի էկան սարքեցին, բայց 7 տարի է էս վիճակն է: Շենքի հիմքը խարխլված է, վթարային է դարձել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում են թաղամասի շենքի բնակիչները:
Այս բնակելի շենքերը շահագործման են հանձնվել 2010 թվականին: Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է արդեն լուծարված եւ սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը: Ստեղծված իրավիճակին զուգահեռ հարկ է հիշել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ էր վերահսկում շինաշխատանքների ընթացքը: Նա նույնիսկ մի քանի անգամ այցելել է շինհրապարակ, ծանոթացել կատարվող աշխատանքի որակին, հորդորել՝ կատարյալ բնակարաններ կառուցել: Նա ժամանել էր անգամ բնակարանամուտին, անօթեւան գյումրեցիներին իր ձեռքով փոխանցել թերի կառուցապատված բնակարանների բանալիները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: