Օրերս Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2010-ի առաջին հազար խոշոր հարկատուների ցանկը եւ նրանց կողմից վճարված հարկերի ծավալները: Այդ ցանկը մի հրապարակման նյութ չէ, դրա հիման վրա ավելի շուտ կարելի է բազմասերիանոց սերիալ նկարահանել` «Որոգայթի» ոճով, կամ տրագիկոմեդիա, որը հաջողությամբ հնարավոր կլինի բեմադրել ամբողջ աշխարհի թատրոնների բեմահարթակներում: Ավելի լավ կլիներ, որ Պետեկամուտների կոմիտեն չհրապարակեր. իբր թե ամեն ինչ նորմալ էր, ժողովրդին նյարդայնացնելու միջոցները քիչ էին, հիմա էլ ցանկ են հրապարակում: Թեպետ մյուս կողմից լավ է, քանի որ հրապարակված ցանկերը հետագայում հարստացնելու են քրեական բազմահազարանոց վարույթները` որպես ստվերի եւ կոռուպցիայի փայլուն ինքնախոստովանություններ:Այլապես, ինչպես բացատրել, որ 2010-ին գազի թանկացման պայմաններում, Հայաստանի «լավագույն ընկերություններից մեկը»` «Հայռուսգազարդը» վճարում է ավելի քիչ հարկ, քան 2009-ին: Մնում է միայն պահանջել, որ մեր կողմից վճարվող ԱԱՀ-ն մուտքագրվի միանգամից պետական բյուջե, քանզի մեծ կազմակերպություն է եւ գուցե մեծ թվերից շփոթվում է: Փաստորեն, արդեն գրեթե համոզված կարելի է կանխագուշակել, որ չնայած գազը այս տարի նորից է թանկանալու, «Հայռուսգազարդը» 2011թ.-ին արդյունքներով ավելի քիչ հարկ կվճարի, քան 2010-ին: Պետք չէ հետեւողական լինել: Թերեւս նույն տրամաբանությամբ է առաջնորդվել նաեւ «Ալեքս Գրիգ» ընկերությունը (սեփականատեր՝ Սամվել Ալեքսանյան). որքան շատ սուպերմարկետներ, այնքան քիչ հարկեր: Թեպետ տարբերությունը 2009-ի համեմատ մի նշանակալի գումար էլ չէ` 200 միլիոն դրամ: Պետք է չէ՞ մտնել մարդու դրության մեջ` նոր սուպերմարկետներ է բացում, նոր ծախսեր է անում: Չսպասեք ավելին` Նոր Նորքի վարչական շրջանի շուկայի տարածքում կառուցվելիք «Երեւան սիթի» խանութը եւս ահռելի ծախսեր է պահանջելու, այնպես որ էդ մարդուց ակնկալիք չունենաք: Սրա կողքին կա նաեւ լավ լուր. 2010-ին հայաստանցիները եղել են ավելի առողջ, քան 2009-ին: Դեղորայքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Նատալի-ֆարմ» եւ «Ալֆա-ֆարմ» ընկերությունները միասին վերցրած` 2010-ին վճարել են մի «400 միլիոն դրամ» քիչ հարկ, քան 2009-ին: Թե ինչու «Հ1»-ը դեռեւս այս իրողությունը չի տիրաժավորել, ուղղակի զարմանալի է: Իմիջիայլոց Հ1-ի մասին: Այստեղ էլ գործերը լավ չեն: Եթե 2009-ի հանրային հեռուստատեսությունը վճարել էր մոտ 238 մլն դրամ, ապա 2010-ին` 185 մլն դրամ: Բա ասում եք վիճակը գնալով լավանո՞ւմ է: «Սպասեք ավելիին». 2010 թվականին ամեն վայրկյան ազդարարում էր «Ղտելեկոմ» ընկերությունը: Ինչի՞ն սպասենք, եթե 2009-ի համեմատ 2.3 մլրդ դրամ քիչ հարկ եք վճարել: Թեպետ սրա մեջ էլ պետք է տեսնել դրական կողմը: Կարող է չէ՞ պարզվել, որ անցած տարի ավելի քիչ ենք հեռախոսով խոսել, իսկ դա իր հերթին նշանակում է, որ տարաբնույթ հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը զգալիորեն նվազել է: Իսկ մնացած ընկերությունների հետաքրքրաշարժ վայրիվերումներին կանդրադառնանք հաջորդաբար: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈԻՆԵՐԸ ԱՂՔԱՏԱՑԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ