Ինչո՞ւ են ոստիկանները վերցրել կալանավորի և նրա հարազատների հեռախոսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հ. Հ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով:

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով մեղադրյալ Հ. Հ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ քննիչի կողմից կատարված խուզարկությունների ընթացքում առգրավվել են մի շարք իրեր, այդ թվում` իր անձնագիրն ու 7 հեռախոսաքարտ:

Սակայն, ըստ Հ. Հ.-ի, քրեական գործի հետագա քննության ընթացքում առգրավված անձնագիրն ու հեռախոսաքարտերը քրեական գործին չեն կցվել, իրեն չեն վերադարձվել և չպարզված հանգամանքներում կորել են:

Բացի այդ, Հ. Հ.-ն հայտնել է, որ խուզարկություն կատարած քննիչն ու նշված գործողությանը մասնակցած ոստիկանության մի շարք աշխատակիցներ վերցրել են իրեն ու ընտանիքի անդամներին պատկանող 4 բջջային հեռախոսները, սակայն դրանք չեն արձանագրել համապատասխան քննչական գործողության ընթացքում, և մինչ օրս անհայտ է դրանց գտնվելու վայրը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ ՔԿ և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս