Ինչպես արդեն հայտնել էինք, որ Վրաստանում սկսել են տուգանել Հայաստանի վարորդական իրավունքի վկայականով ավտոմեքենաներ վարողներին: Nor.ge կայքը հայտնել էր , որ Վրաստանի հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի (Ջավախք) տարածաշրջանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները անհանգստացած են պարեկային ծառայության կողմից այսօր կատարված տուգանումների փաստով:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել հայկական վարորդական իրավունք ունեցող օտարերկրացիների` իրենց երկրների տարածքներում տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
«1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ՀՀ իրավասու մարմինների կողմից հատկացված ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու նպատակով ոչ մի խոչընդոտ չեն ներկայացնում:
Վրաստանի, ինչպես նաև ցանկացած այլ պետության քաղաքացիների կողմից այլ երկրի վարորդական վկայականով տվյալ երկրի տարածքում տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ», – սոցցանցի իր էջում գրել է ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էգդար Ջանոյանը։