«Սասնա ծռեր» VS «7-ի գործ». ինչ նմանություններ է տեսնում Մյասնիկ Մալխասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն որերորդ անգամ «Սասնա ծռեր» զինված խմբավորման եւ Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական նիստերը դեռ չսկսված հետաձգվում են: Իսկ հիմնական պատճառն այն է, որ մեղադրյալները «Ոտքի՛, դատարանն է գալիս» կոչի ժամանակ շարունակում են նստած մնալ: Մինչ այդ էլ դատական նիստերի անցկացումը պատշաճ չէր կազմակերպվում. արհեստական կերպով փորձում են խուզարկել փաստաբաններին, նրանք էլ ընդվզում են:

Այս դատական նիստերը հիշեցնում են հայտնի «7-ի գործով» նիստերը, որոնք ամեն անգամ հետաձգվում էին նույն պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո Ալեքսանդր Արզումանյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին սպանություններով զուգորդված անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքներ էին առաջադրվել, իսկ դատական նիստերն էլ անցնում էին զինված խմբավորման գործով նիստերի պես:

Այն ժամանակ եւս դատավոր Մնացական Մարտիրոսյանի` Մացոյի դահլիճ մտնելուն պես կալանավորվածները սկսում էին հայրենասիրական երգեր երգել եւ ոչ մի պարագայում չէին համաձայնում ոտքի կանգնել: Բանը հասնում էր նրան, որ 7 ընդդիմադիր գործիչներին հեռացնում էին դատարանի դահլիճից` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ:
Ստացվում է` 9 տարի անց իշխանությունների գործելաոճում, դատական նիստերի անցկացման, իշխանության նկատմամբ ընդդիմադիր կեցվածք ունեցողների հանդեպ վերաբերմունքի եւ այլ գործընթացներում ոչինչ չի փոխվել, շատերի բնորոշմամբ` ավելի վատն է դարձել:

«Ժողովուրդ»-ը ընթացող դատական նիստերի եւ իշխանությունների գործողությունների շուրջ զրուցել է «7-ի գործով» կալանավորված, ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանի հետ:

-Պարո՛ն Մալխասյան, «Սասնա ծռեր» զինված խմբավորման 18 անդամների գործով դատական նիստերը հիշեցնում են «7-ի գործով» դատավարությունը: Կրկին նույն սցենարն է: Սա նշանակո՞ւմ է, որ այս 9 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել:

-Մեզ մոտ արդարադատությունը երբեւիցե առաջընթաց չարձանագրեց: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր այն մի կետից է ղեկավարվում, եւ ես առաջընթաց չեմ տեսնում: Մանավանդ դատավարությունների ժամանակ փաստաբանների խուզարկությունները հուշում են, որ ամեն ինչ գնում է ավելի վատը, քանի որ այն ժամանակ գոնե նման բաներ չկային: Վստահություն չկա արդարադատության նկատմամբ, եւ միգուցե հենց դա է պատճառը, որ նիստերն այդպիսի ընթացք են ունենում: Դատարանները ղեկավարվում են «պոլիտ բյուրոյի» կողմից:

-Բայց իսկապես նմանություն առկա՞ է «7-ի գործով» եւ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերի միջեւ:

-Նմանությունն այն է, որ այն ժամանակ արհամարհում էինք, ոտքի չէինք կանգնում: Որոշ բաներ կան, որոնք կրկնվում են: Բայց ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, քանի որ «7-ի գործը» շինծու գործ եւ դատավարություն էր, քաղաքական էր: Փորձում էին գործ շինել, եւ չէր ստացվել: Իրենք հետագայում օրենսգրքից հեռացրեցին պետական հեղաշրջման մասին հոդվածները, փորձում էին փրկվել խայտառակությունից: «7-ի գործով» այն ժամանակ մենք ընտրել էինք, որ պետք է քաղաքակիրթ ճանապարհով իշխանափոխություն տեղի ունենա, այս դեպքում մոտեցումն այլ է, որ պետք է զինված ապստամբության միջոցով կատարվի իշխանափոխություն: Բնականաբար, մոտեցումները տարբեր են, եւ այստեղ նաեւ իշխանությունը մեղք ունի, քանի որ իրենք այլ ճանապարհ չեն թողել այդ մարդկանց: Իսկ դատավարությունների, դատարանների վերաբերմունքի հետ կապված, որ փորձում են ձգձգել եւ սանկցիաներ կիրառել, կան նմանություններ: Նրանք ժամանակ են ձգձգում, նպատակ չունեն շարունակելու, այլապես պետք է ելք գտնեն դատավարությունը շարունակելու:

-Օրեր առաջ խմբավորման անդամների փաստաբանները հայտարարեցին, թե իրենց պաշտպանյալներին ծեծի են ենթարկել հենց դատարանի խցում: «7-ի գործով» կալանավորվածներին այն ժամանակ ինչպե՞ս էին վերաբերվում:

-Բնականաբար, «7-ի գործով» էլ եղել են նման դեպքեր: Կոնկրետ իմ նկատմամբ նման դեպքեր չեն եղել: Բայց, ընդհանուր առմամբ, մարտի 1-ի ժամանակ էլ նույն ձեւով իրենք կալանավորված անձանց բռնության են ենթարկել, սակայն կոնկրետ «7-ի գործով» չեմ կարող ասել: Այդ գործով նման դեպք միայն Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ է եղել, երբ բռնության են ենթարկել: Ինձ համար դատապարտելի է Արայիկ Խանդոյանի նկատմամբ վերաբերմունքը, ինքն ազնվագույն տղա է, հայրենիքի համար առողջությունն ու ամեն ինչ ներդրել է, եւ ոչ ոք բարոյական իրավունք չունի ձեռք բարձրացնել նրա եւ այն տղաների վրա, ովքեր մասնակցել են պատերազմին:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս