Սերժ Սարգսյանը զբաղված է վերարտադրության հարցը կարգավորելով, Կարեն Կարապետյանը՝ զանազան շոուներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԵՄինչ Սերժ Սարգսյանը զբաղված է նախագահի լիազորությունների ավարտից հետո իր իշխանության վերարտադրության հարցը կարգավորելով, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ զանազան շոուներով, Հայաստանից գնալով ավելանում է կապիտալի արտահոսքը: Խոսքն, ի դեպ, գումարների օրինական արտահոսքի մասին է, որն ամրագրված է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ:

Եւ այսպես՝ 2017թ. մայիս ամսվա մեջ Հայաստանից դուրս է բերվել 86 մլն 901 հազար դոլար. սա այս տարվա ընթացքում գրանցված ամենամեծ ցուցանիշն է. հունվարին կապիտալի արտահոսքը 42.6 մլն դոլար էր, ապրիլին այն հասել էր 86.2 մլն դոլարի: Իսկ, ընդհանրապես, տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից դուրս է բերվել 356 մլն 683 հազար դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 42,6 մլն-ով:

Հատկանշական է փաստը, որ կապիտալի արտահոսքը վերջին տարիներին գնալով միայն ավելացել է, ընդ որում, հիմնական աճն արձանագրվել է համապետական ընտրություններից, քաղաքական ցնցումներից հետո, երբ իշխանությունները պյուռոսյան հաղթանակ տարան` մարդկանց մեջ հետեւողականորեն մարելով ընտրությունների միջոցով փոփոխություններ անելու հույսը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում կապիտալի ամենամեծ արտահոսքը գրանցվել է 2008թ. ընթացքում, երբ, հիշում եք, նախագահական ընտրությունների կեղծիքների արդյունքում մարտի 1-ի 10 զոհերի արյան գնով Սերժ Սարգսյանը հայտնվեց նախագահի աթոռին: Արյունալի այդ իրադարձություններն անդառնալի հարված հասցրին ոչ միայն Հայաստանի միջազգային հեղինակությանը, այլեւ բացասական լուրջ ազդեցություն ունեցան բարոյահոգեբանական վիճակի վրա: Պատահական չէր, որ 2008թ. ընթացքում Հայաստանից կապիտալի արտահոսքի ծավալներն ամենամեծն են նորանկախ պետության պատմության ընթացքում:

Ըստ այդմ, Հայաստանից 2008թ. դուրս էր բերվել 1 մլրդ 124 մլն 466 հազար դոլար: Արդեն 2009թ. կապիտալի արտահոսքը կազմել է 752 մլն 370 հազար դոլար, 2010-ին՝ 731 մլն 555 հազար դոլար, 2011-ին այս ցուցանիշն ավելացել է կտրուկ՝ 823 մլն 547 հազար դոլար, 2012-ին՝ 856 մլն 519 հազար դոլար: 2013թ. թեեւ մի փոքր նվազեցին կապիտալի արտահոսքի ծավալները, բայց, միեւնույն է, շեղումն աննշան էր. 2013թ.Հայաստանից դուրս է բերվել 852 մլն 151 հազար դոլար, 2014թ. տեմպերն ավելացան՝ 902 մլն 819 հազար դոլար, 2015թ. կապիտալի արտահոսքը կազմել է 760 մլն 992 հազար, իսկ 2016թ. ընթացքում՝ 816 մլն 982 հազար դոլար: Եթե սրան ավելացնենք նաեւ այս տարվա ընթացքում Հայաստանից հանված 356 մլն 683 հազար դոլարը, կստացվի՝ Սերժ Սարգսյանի նախագահության այս 9 տարիների ընթացքում մեր երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 7 մլրդ 978 մլն 84 հազար դոլար:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանի պետական բյուջեն մոտ 2.9 մլրդ դոլար է: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանից տարեկան դուրս է բերվել բյուջեի 1/3-ից մի փոքր քիչ գումար:

Եթե այս ամենին գումարենք տարիներ առաջ Global Financial Integrity կազմակերպության զեկույցը, ըստ որի՝ 2003-2012 թվականներին Հայաստանից ապօրինի արտահանվել է 7.5 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով գումար, ապա պատկերը միանգամայն պարզ է դառնում: Ընդ որում, ըստ այդ զեկույցի՝ Հայաստանից միայն 1,167 մլրդ դոլար ապօրինի դուրս էր բերվել 2011թ., երբ նույն տարում օրինական ճանապարհով դուրս բերված գումարն ավելացել էր 100 մլն դոլարով:

Տնտեսագետների պնդմամբ՝ կապիտալի՝ նման արտահոսքը խոսում է երկրի նկատմամբ վստահության մակարդակի մասին, այսինքն՝ մարդիկ Հայաստանը չեն համարում ապահով երկիր ու գերադասում են իրենց գումարները հանել այստեղից: Պատահական չէ, որ այս ամենին զուգահեռ՝ Հայաստանում գնալով նվազում են օտարերկրյա ներդրումները, ավելին՝ հիմնական տնտեսական գործընկեր երկները ներդրումները նվազեցնելուց բացի՝ պարզապես Հայաստանից դուրս են հանում իրենց կապիտալը: Ասվածի վառ օրինակ է ՌԴ-ն, որը 2016թ. ընթացքում ոչ միայն ներդրումները չէր ավելացրել, այլեւ Հայաստանից հանել էր իր կապիտալը՝ 26.2 մլրդ դրամ կամ 54.7 մլն դոլարի չափով:

Բայց այս ողջ պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Հայաստանի իշխանությունները որեւէ հոդաբաշխ մեկնաբանություն չեն տվել կապիտալի արտահոսքի ծավալների աճի մասին, որեւէ մեկը չի բացատրել, թե ինչու է այդ ցուցանիշը գնալով միայն ավելանում: Հավանաբար, նման բաների ժամանակ չկա. զբաղված են ներիշխանական վերադասավորումներով:

Հ.Գ. Ի դեպ, այս ընթացքում արտասահմանյան կապիտալի արտահոսք է սկսվել նաեւ ՌԴ-ում, եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը կատարվածը մեկնաբանել է անկայունությամբ ու կոնյուկտուրային գործընթացներով: Այսինքն՝ գոնե ինչ-որ բացատրություն այդ երկրում տրվել է տխուր իրավիճակին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս