Ռոբերտ Քոչարյանի արածն անմիտ քայլ էր. Պետդումայի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավային ուղղությամբ կիրառել է ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ ընդգծեց, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ: Ավելի ուշ հայկական կողմը մեկ այլ հաղորդագրությամբ էլ հայտնեց, որ դիմել է պատասխան գործողությունների:

Արդյոք Ադրբեջանը նոր տեխնիկա կիրառելով եւ սպառազինություն ձեռք բերելով փորձում է ակնարկել, որ առջեւում նոր սրացումներ եւ միգուցե ապրիլյան դեպքերի կրկնություններ են սպասվում: Այս եւ այլ հարցերի պատասխանները «Ժողովուրդը» փորձել է ստանալ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինից:

-Պարո՛ն Զատուլին, Ադրբեջանը նոր տեխնիկա է կիրառել սահմանին, իսկ մինչ այդ էլ սպառազինության հերթական խմբաքանակն էր ստացել: Արդյո՞ք այս քայլերն իրենց մեջ ազդակներ են պարունակում:

-Ադրբեջանը նման քայլերով եւ լարվածությամբ փորձում է ուշադրություն գրավել Ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու վրա: Նրանք ցանկանում են գրավել թրամփների կամ նրա նմանների ուշադրությունն այդ գործընթացի վրա: Ահա թե ինչ կարող է դա նշանակել:

Եթե Դուք ակնարկում եք, որ դա կարող է պատերազմի կամ դրա նման որեւէ բանի սկիզբ լինել, ապա ես չեմ կարծում: Ես այդպես եմ մտածում միայն նրա համար, որ այս պահի դրությամբ այդ ամենի համար քարտ-բլանշ տրված չէ: Այդպիսի քարտ-բլանշ ոչ ոք ադրբեջանական կողմին չի տա: Նրանք փնտրում են նման թույլտվություն, փնտրում են ազատություն, սակայն դեռ չեն ստանա: Ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել, որպեսզի փակի իր աչքերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ընթացող գործողությունների վրա: Դրանք միայն պրովակացիաներ են, որոնք կարող են լինել թույլ, կամ մի քիչ ուժեղ, կամ ավելի ուժեղ:

-Օրեր առաջ նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ մոտ ժամանակներս պատերազմ չի լինի, Դուք եւս այդ կարծիքին եք: Այդ դեպքում ինչո՞ւ է սահմանին մշտապես նման իրավիճակ տիրում:

-Դրա համար ակնհայտ պատճառներ կան: Ադրբեջանն ունի իր պատկերացումներն այն մասին, թե ինչպես պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտության հարցը: Նա փորձում է ստիպել, որ այլ երկրները, համանախագահները եւ վերջապես Հայաստանը համաձայնեն: Սակայն Ադրբեջանը չի կարողանում այդ ամենին հասնել խաղաղ բանակցությունների միջոցով եւ այդ պատճառով փորձում է այլ քայլերի դիմել՝ այդ թվում օգտագործելով նոր գնված տեխնիկան եւ տարբեր չափերի հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ տալով: Նա այդպիսի քայլ արեց հենց 2016 թվականի ապրիլին: Իսկ թե ինչու է Ադրբեջանը հիմա իրեն այդպես պահում, կրկին ակնհայտ է, քանի որ բավարարված չէ այդ իրավիճակով, քանի որ, ինչպես ինքն է պնդում, կորցրել է իր տարածքների մի մասը:

-Պատերազմ չեք կանխատեսում միայն հիմա՞, թե՞ նաեւ մոտ ապագայում:

-Տարօրինակ կլինի, եթե առհասարակ պատերազմը բացառող հայտարարություններ արվեն: Պետք չէ ասել՝ մի՛ անհանգստացեք, պատերազմ ոչ մի դեպքում չի լինի, կարող եք հանգիստ զբաղվել ինչով կարող եք, բայց ոչ պատերազմին պատրաստվելով: Լեռնային Ղարաբաղի պատրաստվածությունը եւ ունակությունը ռեւանշի հասնելու ծրագրերի հիմնական խոչընդոտն է: Եվ այդ պատճառով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է միշտ ուշադիր լինեն՝ չնայած տարբեր տեսակի կանխատեսումների: Դուք գիտեք, որ կանխատեսումները ոչ միշտ են ճիշտ լինում, եւ այդ սխալմունքի գինը կարող է շատ թանկ լինել: Եթե ես նույնիսկ ասեմ՝ ոչինչ չի լինի, մի՛ անհանգստացեք, ինձ ոչ ոք չի հավատա, իսկ ես չեմ ցանկանում, որ ինձ անլուրջ վերաբերվեն: Սակայն ամերիկյան նոր իշխանությունների դեպքում Ադրբեջանը չի դիմի լայնամասշտաբ գործողությունների, դա անմիտ կլինի:

-Իսկ ի՞նչ քայլերի է պետք դիմել: Օրինակ՝ մեզ մոտ տեսակետ կա, թե պետք է նախահարձակ լինել եւ Ադրբեջանին կապիտուլյացիայի պայմանագիր պարտադրել:

-Հայաստանի պարագայում նախահարձակ լինելն ուղղակի անմտություն կլինի, քանի որ այդ դեպքում իր բոլոր դաշնակիցներին Հայաստանը վատ դրության մեջ կդնի: Նրանք այդ դեպքում իրենց վրա պետք է վերցնեին Հայաստանի նման պահվածքի բացատրությունը, քանի որ մինչ այդ ասվում էր, որ Հայաստանը կողմ է ստատուս-քվոյի պահպանմանը, հարցի խաղաղ կարգավորմանը: Իհարկե, Հայաստանն անմիտ քայլեր արել է նախկինում, բայց ոչ այդպիսի:

-Ո՞ր քայլերի մասին է խոսքը:

-Դուք գիտեք, որ սխալները հանցագործությունից վատն են: Ամենավառ սխալը, որն արվել է եւ վառ է իմ հիշողությունում, Լեռնային Ղարաբաղի դուրս մնալն է բանակցային գործընթացից: Դա տարբեր պատճառներով, իմ կարծիքով՝ ավելի շատ ոչ թե ներքին, այլ արտաքին ազդակներից ելնելով, իր ժամանակին արել է իմ կողմից շատ հարգված Ռոբերտ Քոչարյանը: Դա սխալ էր, որը շատ դժվար է ուղղել, եւ մինչ այժմ դա չի էլ հաջողվել: Իսկ առաջինը հարձակվելը դա ոչ թե սխալ կլինի, այլ ողբերգություն:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս