Աշոտ Մանուկյանը հանդիպել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիանների նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանը հուլիսի 7-ին հանդիպել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիանների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Քննարկվել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում գիտության, կրթության ոլորտում համագործակցության, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում մասնագետների պատրաստման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր։

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը Իրանի ժողովրդին շնորհավորել է նախագահական ընտրությունների կապակացությամբ և հույս հայտնել, որ պարոն Հասան Ռոհանիի պաշտոնավարման երկրորդ շրջանում ևս հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ։

Շնորհակալություն հայտնելով նախարարին՝ Մոհամմադ Ֆարհադիին անդրադարձել է գիտության, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում հայ-իրանական համագործակցության հեռանկարներին։

Կարևորելով միջկառավարական հանձնաժողովի դերը այդ գործում՝ նշվել է, որ առկա են լուրջ հնարավորություններ, այդ թվում՝ տարածաշրջանային գործակցության շրջանակում։ Մոհամմադ Ֆարհադիին հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի հետ ինչպես գիտության և կրթության, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաների և գիտահետազոտական նախագծերի իրականացման բնագավառում.

-Մենք հաստատակամ ենք զարգացնելու գործընկերությունը Հայաստանի հետ,-ասել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիանների նախարարը։
Անդրադառնալով գիտության և կրթության բնագավառում հայ-իրանական համագործակցության առաջիկա ծրագրերին՝ Աշոտ Մանուկյանն առանձնացրել է էներգետիկ ոլորտում մասնագիտական փորձի փոխանակման կարևորությունը.

-Էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությունը հասել է այնպիսի մակարդակի, որ մենք ունենք մասնագիտական փորձի փոխանակման անհրաժեշտություն,-նշել է նախարարը։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս