Ինչու պատկերասրահում չեն ցուցադրվում Մինաս Ավետիսյանի կտավները. պարզաբանում է Արման Ծատուրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային պատկերասրահում չեն ցուցադրվում 1960-70-ական թվականների նկարիչների գործերը: Մինչդեռ այդ շրջանը Հայաստանի կերպարվեստի պատմության մեջ իր ուրույն դերակատարությունն ունի. այդ ընթացքում ունեցել ենք նկարիչներ, որոնք, առանց չափազանցնելու, համաշխարհային ճանաչում են վայելում:

«Ժողովուրդ»-ն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի հետ:

«Մինաս Ավետիսյանը մեր մեծագույն նկարիչներից է, բայց ոչ ամենամեծը: Մենք ունենք Թադեւոսյան, Թերլեմեզյան, Բաշինջաղյան, Սուրենյանց, որոնց կտավներն այս պահին չեն ցուցադրվում: Այդ ցուցասրահներում վերանորոգում ենք կատարել Այվազովսկու 200-ամյակի առթիվ: Նշված սրահներում շուրջ 5 ամիս ցուցադրելու ենք միայն Այվազովսկու կտավները, իսկ նրա ցուցադրությունից հետո վերադարձնելու ենք մշտական ցուցադրությունները»,-ասաց նա:

Արման Ծատուրյանի խոսքով՝ Ազգային պատկերասրահն ունի շուրջ 40 հազար ցուցանմուշ, որից ցուցադրվում է ընդամենը 3500-ը. « Պատկերասրահն ուղղակի հնարավորություն չունի մեծ վարպետի կտավները ցուցադրելու, դա մեր բաղձալի երազանքներից մեկն է»:

2018 թվականին լրանում է Մինաս Ավետիսյանի 90-ամյակը, ինչպե՞ս եք պատրաստվում տոնելու այն: Մեր հարցմանն ի պատասխան՝ Ազգային պատկերասրահի տնօրենն ասաց. «Ընտանիքի անդամների հետ խոսել ենք, բայց դեռեւս նրանք ցանկություն չունեն մեծ շուքով տոնելու»:

Հարցին, թե Ազգային պատկերասրահի շենքը չի համապատասխանում ժամանակակից պատկերասրահների պահանջներին, վերջինս նշեց, որ այդ առումով աշխատանքներ տարվում են, իսկ շենքը վաճառելու կամ տեղափոխելու մասին խոսակցությունները պարզապես հերյուրանք են:

Լիդա Եղիազարյան




Լրահոս