ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին շփման գծում համեմատաբար հանգիստ վիճակ է տիրում. «Կրակոցներ կան, բայց ոչ առավոտվա նման»:
Հարցին, թե ինչ վիճակում են գտնվում վիրավոր զինծառայողները, նա ասաց, որ նրանք գտնվում են Արցախի տարբեր հոսպիտալներում, իսկ այլ մանրամասների դեռ չի տիրապետում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:
Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ: Առաջնային գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: