Երեւանի մետրոյի ուղևորները նվազել են. ինչի հետ է դա կապած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության տվյալներով, այս տարվա 5 ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալների աճ է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումներն անցած տարվա հինգ ամիսների համեմատ աճել են 61.5 տոկոսով եւ կազմել 10 մլն 649 հազար 600 տոննա: Բեռների արտահանումն աճել է 4.4 տոկոսով, ներմուծումը` 12.3 տոկոսով: Աճել է նաեւ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը` 8.7 տոկոսով: Այսինքն` տվյալ ժամանակահատվածում իրականացվել է 639 հազար 400 տոննայի երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրում:

Ավտոտրանսպորտով բեռնափոխադրումների արտահանումը նույնպես աճել է` 21, իսկ ներմուծումը` 30.8 տոկոսով: Նշենք, որ ներհանրապետական բեռնափոխադրումները աճել են 85.2 տոկոսով: Ի դեպ, հենց այս աճի հաշվին է, որ ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը աճել է: Նաեւ հենց սրանով է պայմանավորված բեռնափոխադրումների ընդհանուր տեսակների 61.5 տոկոս աճը:

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ արձանագրվել է «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների 25.5 տոկոս աճ: Ի դեպ, բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում արտահանման եւ ներկրման տարանջատում չկա, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ մեկ տեսակի ապրանքի` գազի մասին: Կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 5 ամիսներին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աճել է:

Ինչպես հայտնի է՝ ուղեւորափոխադրումներն անմիջականորեն արտացոլում են հանրապետության ժողովրդագրական վիճակը: Սակայն ԱՎԾ-ի տվյալներով` այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում ուղեւորափոխադրումների ծավալը 3.9 տոկոսով նվազել է: Իսկ, ահա, ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը այս տարվա հինգ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30.5 տոկոսով աճել է: Փոխարենը երկաթուղով ուղեւորափոխադրումներն են նվազել` 4.9, իսկ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները` 4.5 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 13.2 տոկոսով: Ինչպես հայտնի է` ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Հավելենք, որ Էլէկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումները նույնպես նվազել են 1.3 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս