89 ոստիկան ստացել է խիստ նկատողություն, եղել է կոչումների և պաշտոնների իջեցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 260 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 145 կարգապահական տույժեր.
– հայտարարվել է նկատողություն` 29,
– հայտարարվել է խիստ նկատողություն` 89,
– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2,
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 8,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 17:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 5 նյութեր:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում` ուսումնասիրվել և ամփոփվել են.
– ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը,
– ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:
Այսպես.

– 2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ կատարվել են 737 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով ծառայողների նկատմամբ կիրառվել են 456 կարգապահական տույժեր /որից 24-ը` ազատում ՀՀ ոստիկանությունում ծառայությունից/:

– ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 21 քրեական գործեր 31 անձի վերաբերյալ:

6 անձի վերաբերյալ 6 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 3 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 15 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 10 նյութեր:

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 1 ծառայողի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով, 3-ին հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 11-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




Լրահոս