Աշխատավարձերի ու նվերների հույսին ապրող դատավորն ու նրա ագրեսիվ պահվածքը. ինչ է սպասվում Բեկթաշյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը անցած տարվա ընթացքում որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 592 հազար դրամ: Դատավորը 2013, 2014, 2015 եւ 2016 թվականներին ոչ դրամական միջոց, ոչ ավտոմեքենա չի ունեցել: Միայն 2012 թվականին, երբ Բեկթաշյանը զբաղեցրել է ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, նա ֆինանսական տեսքով նվերներ է ստացել`49 հազար 350 ռուսական ռուբլիի եւ 4000 եվրոյի չափով: Թե ումից է նա ստացել գումարային տեսքով այս նվերները, պաշտոնական փաստաթղթում որեւէ բան նշված չկա: Իսկ ահա 2011 թվականին նա ունեցել է 2 մլն դրամական միջոց:

Նշենք, որ 2014 թվականին, երբ ստանձնել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարած վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, դատավորը հայտարարագրել է, որ ունի մեկ բնակարան:
Նրա տիկինը`Լիլիթ Պետրոսյանը, անցած տարվա ընթացքում հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 166 հազար դրամ: 2015 թվականին նա կրկին իր աշխատավարձն է հայտարարագրել: Դատավորի կինը դրամական միջոց, ավտոմեքենա, տուն չունի: 2011 թվականին նա ունեցել է 1 մլն 344 հազար դրամական միջոցը, իսկ աշխատավարձը`112 հազար դրամ: 2012 թվականին դատավորի տիկինը կրկին հայտարարագրել է ունեցած 1 մլն 344 հազար դրամական միջոցը եւ 43 հազար 750 դրամ ամսական աշխատավարձը: Իսկ ահա 2013 թվականին ոչ դրամական միջոցներ է ունեցել եւ ոչ էլ աշխատավարձ է ստացել:
Բայց ահա 2014 թվականին դատավորի տիկինը`Լիլիթ Պետրոսյանը ստացել է 4 հազար եվրոյի չափ «նվեր»: Թե ումից է ստացել կրկին պաշտոնական փաստաթղթում որեւէ բան նշված չէ: Նրա դուստրը`Էմմա Բեկթաշյանը, անցած տարվա ընթացքում միայն որպես եկամուտ հայտարարգրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմում է 70 հազար դրամ:

Նշենք, որ Բեկթաշյանը մի շարք աղմկահարույց գործեր քննող դատավոր է: Մասնավորապես նա քննում է քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության եւ 2015 թվականին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր խմբավորման» գործերը: Տեւական ժամանակ է, ինչ Բեկթաշյանը «զինված հանցավոր խմբի գործով» դատական նիստերին դրսեւորում է ագրեսիվ կեցվածք: Իր հերթական ագրեսիվությունը արտացոլվեց օրերս`պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ: Բանն այն է, որ Վ. Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Կենտրոն դատարանում հրապարակավ հայտարարեց, որ Շիրխանյանը իրեն հայտնել է այն մասին, որ նախորդ դատական նիստի ավարտից հետո դատավոր Բեկթաշյանը իրեն դարանակալել է եւ վիրավորական արտահայտություններ հնչեցրել իր հասցեին. «Դու հիվանդ չես, դու վազում ես… դու դերասան ես, ձեր շինած երկիրը չէ, ես քեզանից ավելի շատ բան եմ արել երկրի համար»:

Գուցե դատավորի նման վարքագծի պատճառը գումարային նվերների պակասն է եւ զուտ աշխատավարձով ապրելը, դժվար է կանխատեսել: Սակայն փաստ է մի բան, որ վերջինիս պահվածքը կքննվի Արդարադատության խորհրդում:




Լրահոս