Կենդանաբանական այգին պարզաբանում է, թե ինչ է արել հատկացված գումարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հուլիսի 2-ին հրապարակել էր «Թալանի դասական օրինակ. ինչ է կատարվում կենդանաբանական այգում» հոդվածը: Մեր այս հրապարակմանն արձագանքել է Երեւանի կենդանաբանական այգին: Ստորեւէ ներկայացնում ենք այգու մամուլի ծառայության կողմից ուղարկված պարզաբանումը:

«Իրականում խնդիրն այն է, որ վիճակագրությունը միայն կարճ մեկնաբանություններով չոր թվեր է ներկայացնում՝ այսքան մուտք, այսքան ելք, այս նպատակով եւ այլն: Փաստացիորեն անհնար է այգու ֆինանսական հոսքերի հաշվետվությունը մեկ հոդվածում ներկայացնելը, չնայած այն կա, ամբողջական է, ներկայացված, ստուգված եւ հաստատված է քաղաքապետարանի կողմից:
Օրինակ, եղել է գործուղում Ամստերդամ` թագավորական կենդանաբանական այգում ազատավանդակների ակնադիտական զննում կատարելու, Երեւանի կենդանաբանական այգում նոր կառուցվող ազատավանդակների գծագրերի մշակման եւ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: Կամ, եղել է գործուղում Ղազախստանի կենդանաբանական այգում անցկացվելիք ԶԻՄՍ ծրագրային հավելվածի կիրառման աշխատանքային սեմինարին մասնակցելու, ինչպես նաեւ փորձի եւ գիտելիքների փոխանակման նպատակով: Այլ գործուղումներ էլ են եղել Եվրոպական կենդանաբանական այգիների եւ ակվարիումների ասոցիացիայի տարեկան համաժողովներին մասնակցելու նպատակով:

Նպատակային գործուղումների շարքը կարելի է շարունակել, բայց այստեղ առանցքայինն այն է, որ դրանց մեծ մասի ծախսերը հոգացել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը (FPWC): Այն ոչ պետական, այլ մասնավոր հիմնադրամը, որի հիմնադիրն է այգու տնօրեն նույն Ռուբեն Խաչատրյանը: Վստահ ենք՝ կզարմացնի, բայց մեր օրերում դա հնարավոր է: FPWC-ն նաեւ կենդանաբանական այգուն 196 միլիոն դրամի չափով նվիրատվություն է կատարել, որից միայն 44 միլիոնը դրամական միջոցների, մյուս մասը՝ հիմնական միջոցների, ծառայությունների եւ ապրանքների տեսքով։

Հավելենք նաև, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկերության շնորհիվ նախորդ 6 տարիների ընթացքում Այգին ստացել է կենդանիների առողջության պահպանման և պլանային կենդանաբուժական միջամտությունների կատարման համար նախատեսված դեղորայքի ու մասնագիտական խորհրդատվության տեսքով շուրջ 25 մլն դրամի չափով օգնություն, որի համար այլ պայմաններում Այգին ստիպված կլիներ բավականին մեծ չափի գումարներ ծախսել: Այսպես օրինակ, մեկ անուն դեղամիջոցի ՀՀ ներմուծման նպատակով պետական փորձաքննության, գրանցման, հավաստագրման և օգտագործման թույլտվության համար պետական վճարները կազմում են ավելի քան 7 մլն դրամ, ինչը չի ներառում համապատասխան մասնագետի ներգրավվածության ապահովման ու նրա վարձատրության համար անհրաժեշտ գումարները: Այգում օգտագործվող դեղամիջոցների քանակը տարեկան կտրվածքով անցնում է մեկ տասնյակը։ Վերոնշյալ ամենը կատարվել է FPWC-ի և Երեւանի կենդանաբանական այգու միջեւ կնքված համագործակցության հուշագրերի շրջանակում, հետեւաբար դրանք ունեն նաեւ հստակ փաստաթղթային հիմնավորումներ:

Գուցե ավելի զարմացնի այն, որ հենց անձամբ «թալանչի» Ռուբեն Խաչատրյանն իր տնօրինության տարիներին սեփական գրպանից ընդհանուր առմամբ 4 միլիոն դրամ նվիրատվություն է կատարել Կենդանաբանական այգուն: Այս ամենն ունի հստակ փաստաթղթային հիմնավորում: Ստացվում է, որ Ռուբեն Խաչատրյանը ոչ թե Կենդանաբանական այգին է թալանել կամ նրա այցելուներին, այլ ինքն իրեն ու իր հիմնադրած հիմնադրամը՝ ի օգուտ Կենդանաբանական այգու:

2009 թվականին այգի մուտք է եղել մոտ 49 մլն դրամ, 2010-ին՝ մոտ 28 մլն. Ռուբեն Խաչատրյանը այգու տնօրենի պաշտոնում նշանակվել է 2011-ի ապրիլին: Խնդրում ենք ուշադրություն դարձնել մուտքերի ծավալի շեշտակի աճին. 2011-ին` մոտ 99 մլն, 2012-ին մոտ 105 մլն, 2013-ին մոտ 107 մլն, դե 2014-2016 թթ.-ն էլ հոդվածում ներկայացված են: Ինչ վերաբերվում է 2016-ին այգու եկամտի նվազմանը, ցավոք դա ուղիղ կապ ուներ ապրիլյան պատերազմի հետ, որն անդրադարձավ ոչ միայն այգու, այլեւ գրեթե բոլոր կառույցների վրա: Բացի այդ, այգու մուտքերի զգալի մասը գեներացվում է տարեշրջանի բացումից հետո, իսկ 2016 թ.-ին՝ հենց տարեշրջանի բացման օրը, այգու մուտքն անվճար էր հայտարարվել, և այդ օրն Այգի անվճար այցելել էր ավելի քան 60.000 այցելու: Ենթադրվում է, որ հենց այդքանով պակասել էր Այգու պոտենցիալ վճարող այցելուների թվաքանակը, դրանով իսկ կարելի է նաև պայմանավորել եկամտի նվազումը:

Շինարարության եւ տոմսի գնի մասով կարող ենք ասել, որ ընթացող շինարարությունը լայնածավալ նախագիծ է, որը միտված է կենդանաբանական այգու կարգավիճակը աշխարհի լավագույն այգիների կարգավիճակին մոտեցնելուն (մոտ ապագայում մենք բոլորս դրանում համոզվելու առիթ կունենանք): «Այդուհանդերձ, շինարարության ընթացքում այգու ամբողջ անձնակազմն աշխատում է, նույնիսկ՝ ավելի մեծ կազմով եւ ընթացիկ բոլոր ծախսերը ավելին են, քան սովորական օրերին: Այդ է պատճառը, որ տոմսի գինը նվազեցնելը պարզապես մեծ շռայլություն կլիներ: Բայցեւայնպես, կան հստակ նախազգուշացումներ այն մասին, որ Այգու գործարկվող տարածքի մի մասը ժամանակավորապես անհասանելի է: Այսինքն այցելուին տրված է ընտրության հնարավորություն՝ չգնել տոմս ու ժամանցն այլ վայրում անցկացնել, կամ տոմսը գնելով իրենց անձնական փոքրիկ ներդրումն ունենալ Այգու բարեկեցության գործում»,- նշված է պարզաբանման մեջՙ:

Հ.Գ. Թե կոնկրետ որ գործուղման համար Երեւանի կենդանաբանական այգին որքան գումար է ծախսել, այգու մամուլի ծառայության կողմից ուղարկված պարզաբանման մեջ նշված չէ: Մենք այս թեմայի շուրջ լրացուցիչ հարցում ենք ուղարկել:




Լրահոս