Կառավարության նիստում հաստատվեց 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ առիթը բաց չթողեց՝ «ամբիցիոզ» որակելու իրենց կազմած հերթական փաստաթուղթը:
«Ծրագրով բավականին ամբիցիոզ սեփական եկամուտների մուտքերի աճ եւ շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում: Նախատեսում ենք տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ:
Բավականին դժվար իրագործելի հայտանիշեր ենք դնում՝ հարկ-ՀՆԱ հարաբերակցության, արտաքին պարտքի կայունության, դեֆիցիտի վերաբերյալ: Բոլորիցս պահանջվելու է մաքսիմալ համակարգված աշխատանք»,- հայտարարեց նա: Փաստաթուղթը, որում նշված է կառավարության առաջիկա երեք տարիների հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները, իրոք ամբիցիոզ է: Սա մեկ պարզ պատճառով. ցուցանիշները, որոնք դրված են այս ծրագրի հենքում, Հայաստանի տնտեսության հնարավորությունների սահմանից վեր են: Բացի այդ՝ Հայաստանում ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական դաշտում այնպիսի փոփոխություններ չեն եղել, որոնց հիման վրա կարելի է առաջընթաց սպասել:
Իշխանության ղեկին նույն քաղաքական ուժն է, որը վերջին քսան տարիների ընթացքում երկիրը տարել է միանգամայն հակառակ հունով, շարունակում են գործել խաղի հին կանոնները, որոնք արդեն իսկ իրենց բացասական հետեւանքներն են թողել: Էլ չենք խոսում արտաքին ռիսկերի մասին, որոնք թվարկված են նաեւ կառավարության ներկայացրած փաստաթղթում եւ որոնք շատ ռեալ են:
Ըստ այդմ, 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում շեշտված է, որ Հայաստանը, որպես փոքր տնտեսություն ունեցող երկիր, արագ է արձագանքում համաշխարհային տնտեսական զարգացումներին՝ աշխարհաքաղաքական իրավիճակ, այդ թվում՝ տարածաշրջանային ռազմական հակամարտություններ, ներքաղաքական անկայունություններ, ինչպես նաեւ հարեւան պետությունների հետ քաղաքական հակադրություններ, Ռուսաստանի տնտեսական խնդիրներ եւ այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարաձգում, միջազգային ապրանքային շուկաներում գների անկայունություն եւ այսպես շարունակ:
Հետեւաբար նման պայմաններում ակնկալել լուրջ աճ, բյուջեի եկամուտների կտրուկ ավելացում, բյուջեի պակասուրդի կրճատում այնքան էլ իրատեսական չէ:
Դատեք ինքներդ. նախորդ տարվա 0.2 տոկոս աճից հետո այս տարվա համար, օրինակ, կառավարությունը նախատեսում է տնտեսական աճը հասցնել 3.3 տոկոսի, 2018-ին՝ 4.7 տոկոսի, 2019-ին՝ 5.4 տոկոսի, 2020-ին՝ 5.7 տոկոսի: Աճի նման տեմպերով Հայաստանը լուրջ մարտահրավեր է նետել ամբողջ աշխարհին, քանի որ նախատեսված տեմպերով զիջում ենք միայն Չինաստանին, որը վերջին տարիներին ամենամյա 6.5 տոկոս աճ է գրանցել ու առաջիկայում եւս պահպանելու է նույն տեմպերը: Իսկ ահա ԵՄ երկրներում աճը հազիվ 1.8 տոկոս կարող է լինել, ԱՄՆ-ում՝ 1.5-ից ոչ ավելի, իսկ ՌԴ-ում հազիվ 1.4 տոկոս: Կարճ ասած, մենք ենք ու Չինաստանը, եւ այսպես շարունակվելու դեպքում իրոք կարող ենք ցնցել աշխարհը: Ափսոս միայն, որ բացարձակ թվային արտահայտությամբ Հայաստանում կանխատեսվող աճը այնքան էլ մեծ չէ, եւ իրականում այդ աճը դեռ չի ապահովում լուրջ զարգացում: Եւ հետո՝ այս իրավիճակում տարեկան ավելի քան 5 տոկոս աճ խոստանալն իրատեսական չէ թեկուզ եւ այն առումով, որ իշխանությունները նախատեսում են աճն ապահովել արդյունաբերության եւ շինարարության ոլորտների հաշվին, այսինքն՝ ոլորտներ, որտեղ մեծ է արտաքին ազդեցությունը:
Վաղուց հայտնի փաստ է, որ Հայաստանի արդյունաբերությունը գերազանցապես հենված է հանքահումքային արտադրանքի վրա, մինչդեռ համաշխարհային շուկայում կանխատեսվում է ծանր մետաղների գնի անկում: Իսկ թեթեւ արդյունաբերության ոլորտում աճը կանխատեսվում է՝ ի հաշիվ արտաքին շուկայի պահանջարկի: Բայց դեռ հստակ չէ, թե արտաքին շուկայում հայկական արտադրանքը երկարաժամկետ կտրվածքով որքանո՞վ է պահանջված լինելու: Շինարարության ծավալների աճի մասին խոսելն ավելորդ է, քանի որ սա էլ կառավարությունը պայմանավորել է ներդրումների աճով: Բայց ներդրումային ոլորտում էլ էական տեղաշարժ չկա, ընդհակառակը, Հայաստանի հիմնական գործընկեր երկրներն արտահանում են իրենց կապիտալը: Բացի այդ՝ նախորդ տարիներին այնքան մեծ է եղել այս ոլորտում անկումը, որ ցանկացած դրական տեղաշարժ տոկոսային հարաբերությամբ լավ է հնչում:
Այնպես որ, տնտեսական լուրջ առաջընթացի համար նախ եւ առաջ պետք են քաղաքական լուծումներ՝ խաղի կանոնների փոփոխություններ:
Հ.Գ. Ի դեպ, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, պատասխանելով հարցին, թե մասնագետների կարծիքով 5 տոկոս տնտեսական աճը չի կարող Հայաստանին դուրս բերել աղքատությունից, ասել է. «Շատ դժվար է ասել՝ 5 տոկոսը քիչ է, թե շատ: Աշխարհում 5 տոկոսը բավական լուրջ ցուցանիշ է, բայց մեր տիպի երկրներում…»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ