Կենդանաբանական այգու տնօրենն ինքն իրեն է թալանել. պարզաբանում է կենդանաբանական այգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հուլիսի 2-ին հրապարակել էր «Թալանի դասական օրինակ. ինչ է կատարվում կենդանաբանական այգում» հոդվածը: Մեր այս հրապարակմանն արձագանքել է Երեւանի կենդանաբանական այգին: Ստորեւէ ներկայացնում ենք այգու մամուլի ծառայության կողմից ուղարկված պարզաբանումը: 

«Վերջերս «Ժողովուրդ» օրաթերթը տարածել էր «Թալանի դասական օրինակ. ինչ է կատարվում կենդանաբանական այգում» խորագրով հրապարակումը, որի շրջանակում լրագրողը թերեւս ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ տալով այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսիք են՝ «Թե կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը 106.5 մլն դրամը ինչի վրա է ծախսել կամ ինչեր է ձեռք բերել դրանով, փաստաթղթում նշված չէ» կամ «այս գումարով այգու աշխատակիցները, այդ թվում եւ տնօրենը, ուր են գործուղվել, ինչ նպատակով, արդյո՞ք նրանց ավիատոմսերը բիզնես կարգով են գնվել, կամ այդ գործուղումներից այգու վիճակը բարելավվե՞լ է, թե՞ ոչ»: «Թալան» ակնարկող միակ «փաստարկը», թերեւս, այն է, որ այգում շինարարություն է, մարդիկ ամբողջ Այգին ու բոլոր կենդանիներին չեն կարող տեսնել, բայց տոմսերը վաճառվում են ամբողջական գնով: Այսինքն՝ Այգին թալանում է ժողովրդին:

Նման հիմքերով «թալանի» մասին պնդում անելը լրագրողի կողմից ճիշտ չէ, իսկ այս եղանակով վնասված հեղինակություն վերականգնելը դառնում է երկար ու դժվարին աշխատանք: Իսկ տվյալ դեպքում այգու եւ նրա տնօրինության հեղինակությունն իրոք վնասվել է՝ ի հաշիվ սոցցանցերում թափառող մակերեսային վերաբերմունքի՝ «ցեխոտ ձեռքեր», «սրանք սաղ լափողներ են», «փող են հավաքում հիմնադրամի համար» (Ռուբեն Խաչատրյանը նաեւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանմաեւն հիմնադրամի՝ FPWC-ի հիմնադիրն է) եւ այլն:

Իրականում խնդիրն այն է, որ վիճակագրությունը միայն կարճ մեկնաբանություններով չոր թվեր է ներկայացնում՝ այսքան մուտք, այսքան ելք, այս նպատակով եւ այլն: Դրանց փաստաթղթային հիմնավորումները, սովորաբար, էականորեն փոխում են պատկերը:

Մի քանի թվերի մասին

Փաստացիորեն անհնար է այգու ֆինանսական հոսքերի հաշվետվությունը մեկ հոդվածում ներկայացնելը, չնայած այն կա, ամբողջական է, ներկայացված, ստուգված եւ հաստատված է քաղաքապետարանի կողմից: Գործուղումների նպատակայնությունն էլ է հիմնավորված:

Օրինակ, եղել է գործուղում Ամստերդամ` թագավորական կենդանաբանական այգում ազատավանդակների ակնադիտական զննում կատարելու, Երեւանի կենդանաբանական այգում նոր կառուցվող ազատավանդակների գծագրերի մշակման եւ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: Կամ, եղել է գործուղում Ղազախստանի կենդանաբանական այգում անցկացվելիք ԶԻՄՍ ծրագրային հավելվածի կիրառման աշխատանքային սեմինարին մասնակցելու, ինչպես նաեւ փորձի եւ գիտելիքների փոխանակման նպատակով: Այլ գործուղումներ էլ են եղել Եվրոպական կենդանաբանական այգիների եւ ակվարիումների ասոցիացիայի տարեկան համաժողովներին մասնակցելու նպատակով:
Նպատակային գործուղումների շարքը կարելի է շարունակել, բայց այստեղ առանցքայինն այն է, որ դրանց մեծ մասի ծախսերը հոգացել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը (FPWC): Այն ոչ պետական, այլ մասնավոր հիմնադրամը, որի հիմնադիրն է այգու տնօրեն նույն Ռուբեն Խաչատրյանը:
Վստահ ենք՝ կզարմացնի, բայց մեր օրերում դա հնարավոր է, FPWC-ն նաեւ կենդանաբանական այգուն 196 միլիոն դրամի չափով նվիրատվություն է կատարել, որից միայն 44 միլիոնը դրամական միջոցների, մյուս մասը՝ հիմնական միջոցների, ծառայությունների եւ ապրանքների տեսքով։
Հավելենք նաև, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկերության շնորհիվ նախորդ 6 տարիների ընթացքում Այգին ստացել է կենդանիների առողջության պահպանման և պլանային կենդանաբուժական միջամտությունների կատարման համար նախատեսված դեղորայքի ու մասնագիտական խորհրդատվության տեսքով շուրջ 25 մլն դրամի չափով օգնություն, որի համար այլ պայմաններում Այգին ստիպված կլիներ բավականին մեծ չափի գումարներ ծախսել:
Այսպես օրինակ, մեկ անուն դեղամիջոցի ՀՀ ներմուծման նպատակով պետական փորձաքննության, գրանցման, հավաստագրման և օգտագործման թույլտվության համար պետական վճարները կազմում են ավելի քան 7 մլն դրամ, ինչը չի ներառում համապատասխան մասնագետի ներգրավվածության ապահովման ու նրա վարձատրության համար անհրաժեշտ գումարները: Այգում օգտագործվող դեղամիջոցների քանակը տարեկան կտրվածքով անցնում է մեկ տասնյակը, ուստի կարող եք ինքներդ հաշվել, թե որքան գումար է խնայել և շարունակում է խնայել Այգին FPWC-ի հետ համագործակցության արդյունքում։
Վերոնշյալ ամենը կատարվել է FPWC-ի և Երևանի կենդանաբանական այգու միջև կնքված համագործակցության հուշագրերի շրջանակում, հետևաբար դրանք ունեն նաեւ հստակ փաստաթղթային հիմնավորումներ:
Գուցե ավելի զարմացնի այն, որ հենց անձամբ «թալանչի» Ռուբեն Խաչատրյանն իր տնօրինության տարիներին սեփական գրպանից ընդհանուր առմամբ 4 միլիոն դրամ նվիրատվություն է կատարել Կենդանաբանական այգուն: Այս ամենն ունի հստակ փաստաթղթային հիմնավորում: Ստացվում է, որ Ռուբեն Խաչատրյանը ոչ թե Կենդանաբանական այգին է թալանել կամ նրա այցելուներին, այլ ինքն իրեն ու իր հիմնադրած հիմնադրամը՝ ի օգուտ Կենդանաբանական այգու: Հուսամ` պատկերացնում եք, թե որքան վիրավորական ու ապամոտիվացնող է այսքանից հետո կարդալ սեփական անունը՝ «թալանի դասական օրինակ» ձեւակերպման կողքին:

2009- 2016 թթ. մուտքի գումարների չափի մասին
2009-ին Կենդանաբանական այգի մուտք է եղել մոտ 49 մլն դրամ, 2010-ին՝ մոտ 28 մլն: Ռուբեն Խաչատրյանը այգու տնօրենի պաշտոնում նշանակվել է 2011-ի ապրիլին: Խնդրում ենք ուշադրություն դարձնել մուտքերի ծավալի շեշտակի աճին. 2011-ին` մոտ 99 մլն, 2012-ին մոտ 105 մլն, 2013-ին մոտ 107մլն, դե 2014-2016 թթ.-ն էլ հոդվածում ներկայացված են:
Ինչ վերաբերվում է 2016-ին այգու եկամտի նվազմանը, ցավոք դա ուղիղ կապ ուներ ապրիլյան պատերազմի հետ, որն անդրադարձավ ոչ միայն այգու, այլեւ գրեթե բոլոր կառույցների վրա: Բացի այդ, այգու մուտքերի զգալի մասը գեներացվում է տարեշրջանի բացումից հետո, իսկ 2016 թ.-ին՝ հենց տարեշրջանի բացման օրը, այգու մուտքն անվճար էր հայտարարվել, և այդ օրն Այգի անվճար այցելել էր ավելի քան 60.000 այցելու: Ենթադրվում է, որ հենց այդքանով պակասել էր Այգու պոտենցիալ վճարող այցելուների թվաքանակը, դրանով իսկ կարելի է նաև պայմանավորել եկամտի նվազումը:

Շինարարության եւ տոմսի գնի մասին

Այս առումով կարող ենք ասել միայն, որ ընթացող շինարարությունը լայնածավալ նախագիծ է, որը միտված է կենդանաբանական այգու կարգավիճակը աշխարհի լավագույն այգիների կարգավիճակին մոտեցնելուն (մոտ ապագայում մենք բոլորս դրանում համոզվելու առիթ կունենանք): Այդուհանդերձ, շինարարության ընթացքում այգու ամբողջ անձնակազմն աշխատում է, նույնիսկ՝ ավելի մեծ կազմով, եւ ընթացիկ բոլոր ծախսերը ավելին են, քան սովորական օրերին: Այդ է պատճառը, որ տոմսի գինը նվազեցնելը պարզապես մեծ շռայլություն կլիներ: Բայցեւայնպես, կան հստակ նախազգուշացումներ այն մասին, որ Այգու գործարկվող տարածքի մի մասը ժամանակավորապես անհասանելի է: Այսինքն այցելուին տրված է ընտրության հնարավորություն՝ չգնել տոմս ու ժամանցն այլ վայրում անցկացնել, կամ տոմսը գնելով իրենց անձնական փոքրիկ ներդրումն ունենալ Այգու բարեկեցության գործում: Ցավում ենք, եթե հենց այս հանգամանքն է դարձել հիմնական պատճառ՝ «Թալանի դասական օրինակ. ինչ է կատարվում կենդանաբանական այգում» հրապարակման համար»:

Երեւանի կենդանաբանական այգու մամուլի ծառայություն




Լրահոս