Երգիչ Արսեն Սաֆարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է պասիվ վերջին շրջանում, եւ ինչ խնդիրներ կան այսօր Հայաստանում երգիչների համար:
-Ինչպես բոլորը, այնպես էլ ինձ մոտ ինչ-որ ժամանակաշրջան եղավ. գիտակցաբար, թե անգիտակցաբար այլ գործերով սկսեցի զբաղվել, որն էլ բերեց այդ պասիվությանը,- բացատրեց երգիչը՝ հավելելով,-գրվել են ինձ համար մի քանի երգեր, որոնք հեղինակել են իմ ընկերները: Այս ընթացքում ունեցել եմ, գուցե փոքր մասշտաբի, բայց լիարժեք մենահամերգներ՝ ակումբային տարբերակով, որտեղ մոտ երկու ժամ հնչել են բոլոր իմ հեղինակային երգերը, եւ դա կունենա իր պարբերաբար շարունակությունը: Ինչ վերաբերում է մեծ մենահամերգին, ապա այսօր դա դժվար է իրականացնել, որովհետեւ շատ խնդիրների հետ է կապված: Կար ժամանակ, որ իրար հետեւից դնում էին մենահամերգներ, իսկ այսօր չկան այդ մենահամերգները, ինչո՞ւ, որովհետեւ դա ոչ ձեռնտու ծրագիր է դարձել: Պետք է հովանավոր լինի, որպեսզի կարողանաս նման բան կազմակերպել: Սա է ամբողջ խնդիրը:
-Տեսահոլովակ մոտ ժամանակներս սպասվո՞ւմ է:
-Սկսել եմ արդեն անիվը պտտել: Տեսահոլովակ սպասվում է, դեռ երգը հստակ որոշված չէ, բայց կարծում եմ՝ հեռուստադիտողին, առհասարակ, ինձ լսողին հետաքրքիր կլինի:
-Դուք այն եզակի երգիչներից եք, ով երբեւէ չի շեղվել իր կողմից նախանշված երաժշտական ուղուց. դժվար չէ՞:
-Մի կողմից դժվար է, մյուս կողմից՝ ոչ, հեշտ է այն իմաստով, որ երգել եւ շարունակում եմ երգել այն, ինչը ինձ հարազատ է, եւ այնպես է ստացվել՝ ուր ինձ հրավիրել են, իմ երգերով են հրավիրել, դա լինի հարսանիք, թե ծնունդ: Իմ հեղինակային երգերով ես եղել եմ հանրապետությունում մեծ նշանակություն ունեցող տոնական խնջույքների: Գուցե ես երգեի այն, ինչն այսօր համարվում է հեշտ ընկալելի, եւ այսօր ավելի «հարուստ տղա» կլինեի:
-Ափսոսո՞ւմ եք:
-Չեմ ափսոսում, բայց չեմ էլ ուզում մեդալ տան ինձ: Իմ մոտ այնպիսի ցանկություն կա՝ ինչ-որ արել եմ, կրկնապատկել, դա այսօր ինձ համար առաջնային խնդիր է դարձել: Եղել են ժամանակներ, որ հիասթափվել եմ՝ մտածելով, որ գուցե պետք է կամ պետք չէ, բայց պատահական մի քանի հանդիպումներ ինձ հուշել են, որ իրավունք չունեմ չանելու: Հետաքրքիր է՝ ինչքան երգում ես, թվում է՝ չես երգել եւ մտածում ես՝ դեռ ինչքան շատ բան կա երգելու:
-Մարդիկ հաճախ են դժգոհում, որ էկրաններից հնչող երաժշտությունն այն որակը չունի, ինչը տարիներ առաջ էր: Ինչո՞ւ:
-Ի՞նչ էինք մենք առաջ մտածում: Առաջ կար ինչ-որ խորհուրդ, կամ անհատներ, ովքեր որոշում էին՝ ինչը պետք է լինի, իսկ ինչը՝ ոչ: Ժամանակի ընթացքում թեւակոխեցինք մի փուլ, որտեղ դաշտը բացվեց բոլորի համար: Իրականում մենք ենք դա արել: Հեռուստատեսություն գնացին այնպիսի ծրագրեր, որոնք ժամանակին արգելված էր, եւ մարդիկ էլ ինչ տեսնում, այն էլ վերցնում են: Մենք չենք նայել՝ վաղվա օրն ինչի է նմանվելու, ինչ երաժշտություն ենք լսելու, ինչ խառնուրդ: Ես մի մտավախություն ունեմ, որ այս ընթացքի մեջ չտուժի ազգային երաժշտությունը: Կարծում եմ՝ այստեղ պետք է պետական աջակցություն, որ այս թոհուբոհի մեջ այն, ինչը մեր տեսակին է պատկանում, չսպառվի, չխեղդվի:
-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեր ճանապարհին եղել են խոչընդոտներ, դժվարություններ: Օրինակ` որոշ մրցանակաբաշխությունների շրջանակում, որտեղ որոշում են, ասենք, տարվա երգչին, ստվերում եք մնացել…
-Ստվերում չեմ մնացել, դեպի ստվեր եմ տարվել:Տեսակով այնպիսին եմ, որ միշտ մտածել եմ՝ եթե անկեղծ եմ, ապա պետք է ստանամ: Հաճելի է, երբ աշխատանքդ կարեւոր ձեւով են գնահատում, բայց այդքան շատ չեմ նեղացել, հոնգուր-հոնգուր լաց եղել, ամեն դեպքում, ինչքան էլ փորձում ես ուժեղ լինել, հիասթափությունն ակնհայտ է:
-Մի առիթով ասել եք. շրջապատված լինելով վտանգավոր, գայթակղիչ կանանցով` միշտ իմացել եք, որ պետք է տուն գնալ, ընտանիքն է կարեւոր: Ձեր կինը խանդո՞տ է:
-Ես չեմ կարծում՝ կին կա, որը խանդոտ չէ, կամ տղամարդ, ով խանդոտ չէ, չեմ հասկանում: Սերը, կարծես, շնչող օրգան լինի, այն պարզապես չի կարող չլինել: Մեզ մոտ վտանգը մի քիչ շատ էր: Ես շատ տեղերից եմ անսպասելի հեռացել՝ գիտակցելով, որ կան անդառնալի հետեւանքներ…: Ընտանիքը վտանգի տակ դնելը խոհեմ տղամարդու արարք չէ:
-Մի առիթով ասել եք, որ իմ կինը գիտի՝ հրեշտակ չեմ, բայց նա միշտ հավատացել է իմ սիրուն: Ի՞նչ կոնֆլիկտներ են ծագել Ձեր միջեւ, որը Ձեր մեջ վախ է առաջացրել կորցնելու նրան:
-Կորցնելու վտանգ զգացել եմ ոչ մեկ անգամ, այլ շատ անգամներ:
-Արդեն տասնվեցերորդ տարին է` ամուսնացած եք: Երկու բալիկ ունեք: Լինելով հանրահայտ, այդքան կանանց կողմից սիրված` ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահպանել այդ պատասխանատվությունը:
-Եթե ինձ պետք է ընտանիքիս հետ լինել, ապա եղել եմ: Կարծում եմ՝ ես այն երջանիկներից եմ, որ վատ հայացքներ կամ ավել խոսակցություններ հասարակության կողմից չեմ լսել, իսկ ես այդ առումով շատ ուշադիր եմ:
-Կա՞ մի վայր, որտեղ հաճախ եք սիրում ընտանիքով լինել:
-Մենք շատ ենք սիրում հնդկական խոհանոց եւ, առհասարակ, տարբեր խոհանոցներից օգտվել: Սիրում ենք լինել այնտեղ, որտեղ նոր բան կա բացահայտելու:
-Իսկ Ձեր տան խոհանոցում հաճախ ե՞ք լինում:
-Երեւանում միայնակ շատ եմ ապրել եւ ինքս ինձ համար շատ եմ պատրաստել: Ամուսնությունից հետո այդ իմաստով ալարկոտ եմ դարձել, բայց ի զարմանս ինձ՝ վերջերս լինում են դեպքեր, երբ նախաճաշը ինքս եմ պատրաստում, եւ կարծես թե վատ չի ստացվում:
-Ի՞նչ խորհուրդներ եք հաճախ տալիս Ձեր երեխաներին:
-Երեխաների դաստիարակության ամենահեշտ ձեւն այն է, որ մարդ հիշի իր ծնողներին՝ նրանք ինչպես են իրեն դաստիարակել: Իմ երեխաները պետք է լինեն հայրենասեր, ազնիվ եւ քաղքենի չմեծանան, դրանից վատ բան երեւի թե չկա:
-Ո՞ր ավանդույթն եք հայրական ընտանիքից փոխանցել Ձեր ընտանիք:
-Հյուրասիրությունը, ես պետք է պատրաստ լինեմ հյուր ընդունելու: Հորս նման միշտ սեղանի ծայրին եմ նստում: Կինը պետք է հասկանա, որ կին է, տղամարդը` տղամարդ, չեմ հասկանում այսօր առկա դերերի փոփոխությունը:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ՝ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Դիզայներ, ոճաբան Արփինե Կոշտոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է հայկական նորաձեւության, ցուցադրությունների, այժմյան տենդենցների եւ հայտնիների նախընտրությունների մասին:
«Այս տարվա ամենանորաձեւ թրենդների մեջ են մտնում լայն զգեստները, որոնք մարմինը չեն գրկում, պոլո մայկաները՝ վերցված տղամարդկանց պահարանից, ինչպես նաեւ շատ ակտուալ են սպորտային տաբատները, որոնք միքսում ենք էլեգանտ պիջակների եւ վերնաշապիկների հետ»,-ասաց ոճաբանը:
Արփինե Կոշտոյանի խոսքով՝ այսօրվա մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները հաճախ դիմում են նրան՝ բեմական զգեստներ գծագրելու համար, իսկ առօրյայում նրանք նախընտրում են հասարակ, ոչ վուլգար սպորտային բոթասներ, շորտեր. «Մենք այսօր ունենք այդ կուլտուրան՝ տարբերելու բեմն առօրյայից»:
Հարցին՝ Հայաստանում նորաձեւությունը զարգացման ի՞նչ փուլում է, վերջինս պատասխանեց, որ համաշխարհային բրենդների հետ համընթաց քայլել չենք կարող, որովհետեւ շատ հետ ենք, իսկ արտերկրում կան բոլոր նախադրյալները, մեր երկիրն այդ կողմից խղճուկ է: «Հայաստանում նորաձեւությունը զարգացնելու համար քայլեր արվում են: Սկսել ենք արտադրությամբ զբաղվել, ինչը ողջունելի է: Այսինքն՝ երկիրը կզարգանա, մարդկանց համար կստեղծվեն աշխատատեղեր»,-նշեց նա:
Ի՞նչն է պակասում մեր դիզայներներին, որ հաճախակի ցուցադրություններ, նոր հավաքածուներ չեն լինում, նոր մտքեր չկա՞ն: Մեր հարցմանն ի պատասխան՝ դիզայներն ասաց. «Մենք այսօր աշխատում ենք՝ գումար վաստակելու համար, որպեսզի կարողանանք այդ գումարով նորից զարգացնել մեր գործը, իսկ ցուցադրության դեպքում շատ ֆինանս է հարկավոր: Մեր երկրում դեռ դա հնարավոր չէ, կամ էլ պետք է շատ հարուստ մասսա լինի, որպեսզի մոդելային հարթակում քայլած հագուստի համար վճարի, ինչպես արվում է աշխարհում»:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ