«Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ եւ մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,- երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը` մասնակցելով վերանշանակված կառավարության առաջին նիստին: Առաջին տպավորությամբ նա, ի հեճուկս 2018-ի անորոշության մասին խոսակցությունների, փակեց իր եւ վարչապետի լարված հարաբերությունների թեման՝ նրան իր աջակցությունը հայտնելով: Բայց դա միայն առաջին տպավորությամբ: Ս. Սարգսյանի հայտարարությունները չի կարելի որակել Կարեն Կարապետյանի կառավարությանը տրված «քարտ-բլանշ» եւ հավաստիացում առ այն, որ նրա թիմը շարունակելու է պաշտոնավարել նաեւ 2018թ. ապրիլից հետո: Ինչո՞ւ, նախ Ս. Սարգսյանն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող ուրիշ հայտարարություն անել. եթե Կարեն Կարապետյանն ու նրա կառավարությունը չվայելեին իր ու ՀՀԿ-ականների վստահությունը, ապա չպետք է պաշտոնավարեին: Բացի այդ՝ նման բովանդակությամբ ելույթ Սերժ Սարգսյանը ձոնել է նաեւ այլ վարչապետների, որոնց հերթով՝ քաղաքական նպատակահարմարությամբ թելադրված, հեռացրեց աշխատանքից «սեփական դիմումի համաձայն»:
Հիշեցնենք՝ Ս. Սարգսյանը ժամանակին նույնկերպ արտահայտվել էր նաեւ Հովիկ Աբրահամյանի հասցեին` նրան բնութագրելով որպես ԱԺ մեծամասնության վստահությունը վայելող անձ: «Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, եւ արդյունավետ աշխատելու համար էլ որեւէ խոչընդոտ չեմ տեսնում»,- 2013թ. մայիսին էլ համապետական ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանի կառավարության նիստում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Բայց դա չխանգարեց, որ ԱԺ ընտրություններից առաջ պաշտոնանկ անի եւ Աբրահամյանին, ավելի վաղ՝ Սարգսյանին՝ փոփոխությունների տպավորություն ստեղծելու համար: Այնպես որ, Կարեն Կարապետյանի կառավարության ճակատագիրը եւս շարունակում է օդից կախված մնալ:
«Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով նշանակված դատական նիստերը փոթորկել են ոչ միայն դատական, ոստիկանական, փաստաբանական, դատախազական համակարգը, այլեւ քրեակատարողական հիմնարկների ու դատապարտյալների առօրյան: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ մի շարք գործերով կալանավորված անձինք, որոնց դատաքննությունը նշանակված է այն օրը, երբ պետք է տեղի ունենա «Սասնա ծռերի» կամ Ժիրայր Սէֆիլյանի ու նրա ընկերների գործով դատաքննությունը, ուղղակի տապալվում են: Ինչո՞ւ, որովհետեւ հրահանգված է այդ օրերին որեւէ կալանավայրից որեւէ ազատազրկվածի դուրս չհանել: Ողջ ուժերը կենտրոնացված են «Ծռերի» վրա: Օրինակ՝ հունիսի 21-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատարանի նախագահ Դավիթ Բալայանի նախագահությամբ, պետք է կայանար Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի նախկին ավագ տեսուչ Գեւորգ Բրուտյանի մասով հարուցված քրեական գործով դատական նիստը: Սակայն դատական նիստը չի կայացել, քանի որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից կալանավորին չեն բերել դատարան:
Նախորդ տարի, երբ ՀՀ Վերաքննիչ դատարանի նախագահ նշանակվեց Վազգեն Ռշտունին, լուրեր կային, որ նա կլինի ՀՀ Վճռաբեկ դատարանի հավերժ նախագահ Արման Մկրտումյանի փոխարինողը, քանի որ 2018 թ. ապրիլին Մկրտումյանը կազատվի պաշտոնից: Ռշտունին Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի ընկերն է: Այդ առաքելությամբ վերաքննիչ գործուղված Ռշտունին իրեն արտոնյալ է զգում, եւ բոլոր այն դատավորները, որոնք թիրախավորված են նրա կողմից, դատավճիռ կայացնելուց հետո սրտի թրթիռով սպասում են, որ բողոքարկում չլինի: Եթե եղավ, վերաքննիչը կբեկանի: Բայց Ռշտունու հաղթարշավին խանգարում է ՀՀ Սահմանադրության 165 հոդվածը, որը սահմանում է՝ 40 տարին լրացած անձը կարող է ՎԴ նախագահ դառնալ: Ռշտունին մյուս տարի 38 կդառնա: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՎԴ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուն նախկին դատավոր, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է: «Ես նմանատիպ հարցով մեկնաբանություն չունեմ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Մուկուչյանը:
Օրեր առաջ տեղական արտահանողները ահազանգեցին, որ «Սպայկա» ընկերությունը Կրասնոդարի «Ռոզա վետռով» մեծածախ շուկայի հետ մեկ ամսվա մենաշնորհի պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի ծիրանը միայն իրենցից գնեն: Մանր, միջին անտեղյակ արտահանողները Ռուսաստան հասցրած ծիրանը ստիպված հետ բերեցին, որի արդյունքում 1 օրում ծիրանի գինը ՀՀ-ում կտրուկ իջավ` 600 դրամից դառնալով 170-200 դրամ: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ «Սպայկա» ընկերության հետ է կապվում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անունը: Ահա թե ինչու են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը անտարբեր լռում: Ու սա դեռ քիչ է, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով հունիսի 23-ին ՀՀ կառավարությունը «Սպայկային» 163.2 հա հողատարածք նվիրեց՝ ջերմատուն կառուցելու համար: Նորագավիթի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով հիշեցին, որ «Սպայկա»-ին նվիրաբերված տարածքները ժամանակին իրենց եկամտի աղբյուր այգիներն էին: Բայց հիմա 20-25 հազար պտղատու ծառեր են կտրվել՝ ջերմատուն կառուցելու համար:
ՄԻԵԴ-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե դատախազներն ու քննիչերն այսուհետ պատասխանատվության կենթարկվեն, եթե պարզվի, որ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումների համար մեղավոր են նաեւ նրանք: «Եթե կորոշվի, որ նրանց խախտումների արդյունքում է դա կայացվել, կամ խախտումներ էին, որոնք դատախազը ժամանակին կարող էր կանխել, դա կառաջացնի համապատասխան իրավական հետեւանքներ»,- ասել է Դավթյանը` նշելով, որ երբ ՄԻԵԴ-ը կայացնի համապատասխան որոշումներ ու ֆիքսի ՀՀ-ում անձի իրավունքների խախտում, պետք է յուրաքանչյուր դեպքով ծառայողական քննություն իրականացնել եւ փաստերն ուսումնասիրել:
Դեռ ամիսներ առաջ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել էր այս անհրաժեշտության մասին։ Եվ ահա այն իրականություն է: Մյուս կողմից, սակայն, այս նախաձեռնությունն ամբողջական չէ. չպետք է սահմանափակվել միայն դատախազներին ու քննիչներին պատասխանատվության ենթարկելով, այլ այդ ցանկում իրենց «արժանի տեղը» պետք է զբաղեցնեն նաեւ առաջին ատյանի, վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների այն դատավորները, որոնք իրենց մեղքի բաժինն ունեն տվյալ գործերով ապօրինի որոշումներ կայացնելիս:
Իսկ եթե ավելի անկեղծ, ապա այս ամենին վերջ դնելու մեկ այլ ճանապարհ կա. պարզապես չպետք է միջամտել իրավապահ համակարգի աշխատանքներին, չպետք է պարտադրել ապօրինի որոշումներ, չպետք է նրանց դարձնել քաղաքական հալածանքների գործիք` ծառայեցնելով օրվա իշխանության շահերին: Ընդհակառակը, իրավապահ համակարգին պետք է թողնել, որպեսզի նրանք գործեն օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում: Այդ դեպքում, համաձայնեք, միանգամայն այլ պատկեր կստեղծվի:
Ի դեպ, մեկ ուշագրավ փաստ էլ. կառավարության ծրագրում անդրադարձ կա նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումներին, ու որպես ուղի, օրենսդրական փոփոխություններից բացի, նաեւ նշված է. «Անհրաժեշտ է կատարելագործել դատարանների եւ դատավորների ներքին անկախության ապահովման մեխանիզմները»: Այս դեպքում էլ պետք է կրկնենք` դատարանների ու դատավորների անկախության ապահովումը ոչ թե նման դեկլարատիվ հայտարարություններով է լինելու, այլ պարզապես իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսեւորեն, որպեսզի չմիջամտեն դատական համակարգի գործունեությանը: