ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷՐ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԵԽՆԻԿԱՆ ՉԱՇԽԱՏԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ միջկառավարական համաձայնագրի շրջանակում օրերս Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել նորագույն ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը: Հետաքրքիրն այն է, որ ռուսական զենքի նախորդ խմբաքանակն Ադրբեջան էր առաքվել ընդամենը երկու ամիս առաջ` ապրիլին:

Սպառազինության նոր խմբաքանակի ֆոնին Հայաստանում վերսկսվեցին ՌԴ-ի կողից Ադրբեջանին զենքի վաճառքը դատապարտող հայտարարությունները: Մասնավորապես նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ բացասաբար է վերաբերվում Ադրբեջանին ցանկացած սպառազինության մատակարարման: «Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել պատասխանել այս հարցին: Մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվել: Եթե որեւէ պաշտոնյա Հայաստանում ասի, որ շատ ոգեւորված է, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, կարծում եմ` նա անկեղծ չի լինի»:
Հետաքրքիր է, որ հայ պաշտոնյաների պես ոգեւորված չեն նաեւ ռուս քաղաքագետներից մի քանիսը, ովքեր կարծում են, որ սպառազինություն չպետք է տրվի ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Ռուսաստանին: Դրա հետ մեկտեղ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ ՌԴ-ն ազդեցություն ունի Ադրբեջանի վրա: «Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ:
-Պարո՛ն Սկակով, օրեր առաջ Ադրբեջանը սպառազինության հերթական խմբաքանակն է ստացել ՌԴ-ից: Արդյո՞ք դա հուշում է իրավիճակի սրման հավանականության մասին:
-Դուք գիտեք, որ Ադրբեջանը մշտապես սպառազինվում է, դա նրա մշտական զբաղմունքն է, որի վրա ծախսվում է նրանց բյուջեի մեծ մասը: Նոր սպառազինություն ձեռք բերելը ոչինչ չի նշանակում: Կարող ենք միայն փաստել, որ Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ պատրաստ է Ղարաբաղյան հակամարտությունը լուծել պատերազմի, ոչ թե խաղաղ ճանապարհով: Սակայն չեմ կարծում, թե հիմա հնարավոր է՝ Ադրբեջանը դիմի նման քայլի, սակայն այն, որ այդպիսի ցանկություններ մշտապես առկա են, գաղտնիք չէ:
-Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չի դիմի նման քայլի:
-Քանի որ հիմա անհրաժեշտ հանգամանքներ չկան: Այժմ ուժերի բալանսավորում է առկա շնորհիվ Հայաստանին մատակարարված սպառազինության. դա ցուցադրվեց, եւ բոլորը տեսան: Երկրորդ հետ պահող հանգամանքն այն է, որ հիմա լավ են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները: Թուրքիան չի ցանկանա դրդել Ադրբեջանին` դիմելու ռազմական գործողությունների: Բացի այդ՝ այժմ Ադրբեջանի ներսում իրավիճակը սրված չէ: Երբ ներսում դժգոհությունները շատանան, կարող են դիմել արկածախնդրության, սակայն հիմա հարաբերական հանգիստ է: Այդ պատճառով ես հիմա չեմ տեսնում ֆակտորներ, որոնք կստիպեն պատերազմել: Ալիեւը հիմար չէ եւ հիմա չի սկսի պատերազմել:
-Գաղտնիք չէ, որ ՌԴ-ի կողմից սպառազինության վաճառքը մշտապես դժգոհություններ է առաջացրել Հայաստանում: Օրեր առաջ դա չթաքցրեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը:
-Իհարկե, դա սպասելի է: Ինձ էլ դա դուր չի գալիս, սակայն կան պայմանագրեր, որոնց հիման վրա էլ կատարվում է սպառազինությունների մատակարարումը: Պայմանավորվածությունները պետք է կատարել, հակառակ դեպքում այլ պարտավորվածություններ կառաջանան: Սակայն պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի վրա ազդեցություն է առկա: Եկեք չմոռանանք նաեւ այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմի օրերին այդ տեխնիկան նաեւ չաշխատեց. կարծում եմ՝ դա պատահականություն չէ: Ես կարծում եմ, որ այժմ ճիշտ չէ սպառազինություն մատակարարել Հարավային Կովկասի երկրներին` ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Վրաստանին: Ամեն դեպքում, Մոսկվայի համար շահեկան չէ հերթական էսկալացիան: Ռուսաստանն աջակցելով Հայաստանին եւ մյուս կողմից զենք մատակարարելով Ադրբեջանին՝ փորձում է պահպանել կողմերի միջեւ հավասարակշռությունը: Դեռեւս Ռուսաստանը փորձում է հանդարտեցնել Ադրբեջանին, քանի որ վերջինս գործընկեր է: Այս մատակարարումները նաեւ երկարաժամկետ հարաբերություն է: Իսկ հայտնի է, որ ում որ զենք է վաճառում որեւէ երկիր, նրան դնում է կախվածության մեջ: ՌԴ-ի հաշվարկը հիմնված է հենց այս մտքի վրա: Եթե այդ հավասարակշռությունը խախտվի, ապա մենք գիտենք, որ Ադրբեջանը զենք է գնում նաեւ Իսրայելից եւ շատ ու շատ այլ երկրներից:
-Բազմաթիվ փորձագետներ տեսակետ են արտահայտում, թե իրավիճակի սրման կարող ենք սպասել աշնանը: Իսկապես, նման անհանգստության համար հիմքեր առկա՞ են:
-Նախ պետք է ապրել մինչ աշուն: Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ կարող ենք սպասել աշնանը: Շատ կարեւոր հանգամանք է հանդիսանում առհասարակ աշխարհում տիրող իրավիճակը: Պետք է դիտարկել, թե աշնանն ինչպիսի իրավիճակ կլինի գլխավոր խաղացողների` ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Հիմա դժվար է կանխատեսումներ անել, թե ինչ կարող է լինել աշնանը: Սակայն փաստ է մեկ բան, որ հիմա պետք չէ սպասել ռազմական գործողությունների վերսկսման: Այժմ փորձ է կատարվում կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ` գործընթացի թվացյալ շարունակականությունն ապահովելու համար: Այս իրավիճակում կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար գործադրվող ջանքերն անհամեմատ ավելին են, քան այդ հանդիպումներից ակնկալվող արդյունքները:

 

 

 
ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԴԺԳՈՀԵԼ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հրատապության կարգով հայտարարված պրոթեզների եւ օրթեզների ձեռքբերման մրցույթն ավարտվել է: «Ժողովուրդ»-ին այս մասին փոխանցեցին նախարարությունից:

Հաղթող կազմակերպության հետ կկնքվի պայմանագիր, որից հետո հրատապության կարգով կտրամադրվի 78 լսողական սարք: Նախարարությունից մեր թղթակցին փոխանցեցին, որ սարքերը կփոխանցվեն մինչեւ հուլիսի կեսերը:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը վերջերս տեղեկացրել էր, որ հաշմանդամություն ունեցող անձինք ավելի քան հինգ ամիս չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Դրանից հետո ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչության գործելաոճից դժգոհությունները շարունակվեցին: Սկսվեցին բողոքները նաեւ լսողական սարքեր ստացող քաղաքացիների կողմից:
Նկատենք, որ առաջին անգամը չէ, որ նախարար Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչության աշխատանքի մասին դժգոհություններ եւ ահազանգեր ենք ստանում, բայց որքան էլ զարմանալի է` դա չի խանգարում, որ Արտեմ Ասատրյանն ամեն անգամ ջրից չոր դուրս գա ու շարունակի իր պաշտոնավարումը` չնայած ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրներին: Բանն այն է, որ արդեն վեց ամիս է, ինչ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները չեն ստանում իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզներն այն դեպքում, երբ, օրինակ, նախորդ տարի նրանք այդ ամենը ստանում էին տարեսկզբին: Ստացվում է, որ Հայաստանում հաշմանդամի խնդիրներով զբաղվող թիվ մեկ պաշտոնյան` Արտեմ Ասատրյանը, թքած ունի նրանց խնդիրների վրա:
Ուշագրավն այն է, որ պրոթեզներ եւ օրթեզներ ձեռք բերելու նպատակով նախարարությունը նախկինում եւս մրցույթ էր հայտարարել, որին մասնակցել էին «Պրոթեզաօրթոպեդիկ» ընկերությունը եւ «Սատար» ՀԿ-ն, իսկ վերջինիս հաղթող ճանաչվելուց հետո էլ պարզ էր դարձել, որ ՀԿ-ն իրավունք չունի մասնակցելու գնումների մրցույթին, ինչի պատճառով էլ մյուս ընկերությունը բողոքարկել էր արդյունքները: «Սատար» ՀԿ-ն էլ իր հերթին հայց էր ներկայացրել դատարան, եւ այդ ամբողջ քաշքշուկների ընթացքում հաշմանդամները չեն կարողանում ստանալ իրենց պրոթեզներն ու օրթեզները:
Ու թեեւ նախարարությունը հավաստիացնում է, որ հաշմանդամները հուլիսի կեսերին կստանան նախատեսված սարքերը, բայց այն խիստ կասկածահարույց է թվում: Դատելով այն հանգամանքից, որ Արտեմ Սսատրյանը չի հետեւում իր ոլորտում եղած խնդիրներին, այս մեկն էլ կարող է հավերժական խնդիր մնալ:
«Ժողովուրդը» հետեւողական կլինի` հասկանալու համար՝ այս անգամ նախարարը կկատարի՞ իր խոստումը, թե՞ ոչ:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԹՈՇԱԿԱՌՈՒ
Այսօր Սերժ Սարգսյանը կնշի իր 63-ամյակը: Սովորաբար նա իր ծննդյան արարողությունները մեծ տոնախմբության չի վերածում: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրը էլի նշելու է ընտանեկան միջավայրում: Համենայն դեպս, ՀՀԿ առաջնորդի ծննդյան արարողությանը կմասնակցեն հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, իր մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանը եւ այլք: Նկատենք, որ ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ Սերժ Սարգսյանը այսօրվանից կարող է ստանալ ՀՀ աշխատանքային կենսաթոշակ, քանի որ մեր հանրապետությունում 63 տարեկանը համարվում է կենսաթոշակի անցնելու միասնական տարիք: Իհարկե, եթե նա դիմի՝ կենսաթոշակ ստանալու համար:

 

 

ՎԱԶԵՑ
Երեկ Սերժ Սարգսյանի այցը ՀՀ կառավարություն անհարմարություն է մատուցել կառավարության մի շարք անդամների: Նիստը դեռ չավարտած՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ճեղքելով թիկնապահական պատնեշը, շնչակտուր հեռացավ կառավարության շենքից: Պարզվեց, որ շտապում էր հանդիպել Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության հետ:

 

 

ՁԵՎԱԿԱՆ ՊԱՏԻԺ
Այս տարվա ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում արձանագրված խախտումների գործով հերթական վճիռը հրապարակվեց: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանը 16/3 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության էր դիմել եւ բացահայտվելուց հետո կալանավորվեց: Ավելի ուշ նրան գրավի դիմաց ազատ արձակեցին: Սակայն այդ ազատումը պատահական չէր, քանի որ Արմավիրում տարածված լուրերի համաձայն՝ Կազվանցյանը Հանրապետական կուսակցության անդամ է, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի կնոջ ազգականը:
Հիշեցնենք, որ նրա մասով հարուցված քրեական գործը ուղարկվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ երկու ամիս տեւած դատաքննությունից հետո՝ հունիսի 28-ին, հրապարակված վճռով նա պայմանական ազատազրկման դատապարտվեց մեկ տարի ժամկետով:




Լրահոս