ՀՀԿ-ԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵԺԱՎՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության՝ 2017-2022թթ. գործունեության ծրագիրն այդպես էլ բովանդակային լուրջ քննարկումների չարժանացավ: Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանում դժվար է գտնել որեւէ մեկին, որ լուրջ կընդունի իշխանությունների խոստումներն ու ներկայացրած ծրագրերը:

Ինքներդ եք հասկանում՝ նախորդ կառավարությունների օրոք էլ գեղեցիկ խոստումների, հավակնոտ ծրագրերի պակաս չի եղել. կառավարությունը մե՛կ Գյումրին էր տեխնոպարկ դարձնում, մե՛կ Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն, մե՛կ Ծաղկաձորը՝ զբոսաշրջային կենտրոն: Էլ չենք խոսում տարեկան նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու, աղքատությունը կրճատելու, պետական պարտքը նվազեցնելու, արտահանման ծավալներն ավելացնելու վերաբերյալ ծրագրերի մասին: Բայց այդ խոստումներից որեւէ մեկն այդպես էլ իրականություն չդարձավ: Բնական էր նաեւ այս կառավարության ներկայացրած փաստաթղթի նկատմամբ ե՛ւ հասարակության, ե՛ւ ընդդիմադիր ուժերի անտարբերությունը. դժվար է գտնել մարդու, որ կհավատա նաեւ այս կառավարության ծրագրին: Առավել եւս, երբ այս ծրագիրն իրականացնելու հայտ ներկայացրել է Հանրապետական կուսակցությունը, որի ձեռքին է կենտրոնացած եղել Հայաստանի իշխանությունն առնվազն վերջին երկու տասնամյակում, եւ այդ տարիներին գրանցվել են անհամար ձախողումներ:
Ի դեպ, երեկ կառավարության առաջին նիստն էր` գործունեության հնգամյա ծրագրի հաստատումից հետո: Այդ նիստին մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը, ով նաեւ ելույթ է ունեցել: Միայն թե այդ ելույթը դեժավյու էր հիշեցնում. այն իր բովանդակությամբ բավական նման էր նախորդ կառավարությունների նիստերում հնչեցվածին:
Երեկ, օրինակ, Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում եւ օրենսդիրում, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում: Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ եւ մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: … Ակնկալում եմ, որ դուք շահախնդրությամբ եւ պատվախնդրությամբ կլուծեք այս կարեւոր պահին մեր ծրագրերի իրականացմանը եւ մեր բոլորի առջեւ ծառացած խնդիրները: Մենք պետք է իրապես լծվենք այս աշխատանքներին: Հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջովին անել: Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ, եւ մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու եւ իրագործելու պատվաբեր առաքելությունը: Ուրեմն՝ շարունակենք եռանդով աշխատել»:
Ժամանակին Սերժ Սարգսյանը նույնկերպ հավատում էր, որ իրենց ծրագրերը կյանքի կկոչեն Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները: «Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, եւ արդյունավետ աշխատելու համար էլ որեւէ խոչընդոտ չեմ տեսնում: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ: Քանիցս ասել ենք, որ մենք մեր աշխատանքով անցած տարիներին հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար»,- 2013թ. մայիսին` համապետական ընտրություններից հետո, Տիգրան Սարգսյանի կառավարության նիստում հայտարարել էր Սերժ Սարգսյանը, անգամ հստակ հանձնարարականներ տվել 7 տոկոս աճ ապահովելու, աշխատավարձերն ու թոշակներն ավելացնելու, եւ, ընդհանրապես, արդյունավետ աշխատելու մասին: Բայց բոլորս տեսանք, թե ինչպիսի ձախողումներ գրանցեց այդ կառավարությունը, որի արդյունավետ աշխատելու հարցում Սերժ Սարգսյանը խոչընդոտներ չէր տեսնում:
Սերժ Սարգսյանն այսօր վստահեցնում է, թե Կարեն Կարապետյանի կառավարությունը վայելում է իր ու քաղաքական ողջ թիմի վստահությունը: Ճիշտ նույնկերպ նա խոսում էր նաեւ Հովիկ Աբրահամյանի մասին. «Ես ՀՀ վարչապետ եմ նշանակել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ Հովիկ Աբրահամյանին՝ Ազգային ժողովի նախագահին ու նաեւ ՀՀԿ նախագահի տեղակալին… Վարչապետի նշանակումից հետո կառավարությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, եւ կառավարության անդամներին խնդրում եմ, որ բարեխղճորեն եւ պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտականությունները»: Բայց հիշո՞ւմ եք՝ նախորդ տարի Սերժ Սարգսյանը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ինչպես զոհաբերեց խորհրդարանի մեծամասնության (ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաեւ ԲՀԿ-ի) վստահությունը վայելող Հովիկ Աբրահամյանին` ԱԺ ընտրություններից առաջ ստիպելով նրան հրաժարական տալ ու որպես փոփոխությունների իմիտացիա՝ Մոսկվայից Կարեն Կարապետյանին բերեց վարչապետ:
Որեւէ կասկած չկա` հարկ եղած դեպքում Ս. Սարգսյանը կզոհաբերի նաեւ Կարեն Կարապետյանի կառավարությունը՝ անկախ այն հանգամանքից, որ նա խորհրդարանական մեծամասնության մոտ ունի մեծ վստահություն: Այդ է հուշում Սերժ Սարգսյանի գործելաոճը: Առավել եւս, երբ իր իշխանության օրոք Հայաստանում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ տնտեսությունը չի կարող լիարժեք զարգանալ, ըստ այդմ, միշտ կարելի է գտնել վարչապետի պաշտոնանկության հիմքեր:
Հ.Գ. Ի դեպ, երբ կառավարության նիստից հետո Սերժ Սարգսյանը հեռանում էր շենքից, լրագրողները հեռվից հարցրել են, թե արդյո՞ք 2018թ. ապրիլից հետո ինքն է լինելու վարչապետը: «Չէի՞ք լսում, վերեւում ասում էի»,- եղել է պատասխանը: Բայց իրականում նա այս թեմային այդպես էլ չի անդրադարձել, այնպես որ, հարցը մնում է բաց:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԱՆՀԱՂՈՐԴ
Պետպատվերով աշխատող մի շարք բուժհիմնարկներ հայտնվել են աննախանձելի իրավիճակում: Նրանք ծառայություն են մատուցել քաղաքացիներին, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը ամենատարբեր պատճառներով զլանում է գումարները փոխանցել:
Նաեւ սա է պատճառը, որ պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացող ՀՀ քաղաքացիներն այս փուլում դժվարությունների առջեւ են կանգնել. «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները պատմում են, որ հիվանդանոցներում հիվանդներին հրաժարվում են պետպատվերի շրջանակներում բուժել` պատճառաբանելով՝ գումարները վերջացել են:
Ինչպե՞ս է իրավիճակը բացատրում համակարգի թիվ մեկ պատասխանատուն` ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Նա, ինչպես միշտ, անհաղորդ է իրավիճակին` նույնիսկ չիմանալով, թե իր ղեկավարած համակարգում ինչ է կատարվում: Երեկ, երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նրանից փորձել է հասկանալ, թե ինչ է արվում այս խնդիրը լուծելու ուղղությամբ, նախարարը հայտարարել է, թե նման տեղեկություն նախարարությունը չունի: Հիմա ստացավ, սպասենք զարգացումներին:

 

 

ՇՌԱՅԼ ՊԱՇՏՊԱՆԸ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, չնայած կառավարության` պետական միջոցները խնայելու մասին հորդորներին, նոր ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՄԻՊ աշխատակազմը անցած տարվա դեկտեմբերի 7-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ եւ գնել է բոլորովին նոր` 2016 թվականի արտադրության, սեւ գույնի, սեդան թափքով, 2.5 լիտր շարժիչի ծավալով Toyota Camry: Դրա համար ՄԻՊ-ը ծախսել է 11.8 մլն դրամ (ավելի քան 24.5 հազար դոլար): Սա այն դեպքում, երբ ՄԻՊ-ը 6 հատ ավտոմեքենաներ ուներ, որոնք դեռեւս 2012-ին հատկացրել էր ԵԱՀԿ գրասենյակը: Այնուամենայնիվ, ՄԻՊ մամլո խոսնակ Մարիամ Բարսեղյանից հետաքրքրվեցինք` արդյոք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուներ այդ նոր ավտոմեքենայի կարիքը: «Այն գնվել է տնտեսումների արդյունքում, եւ անհրաժեշտությունը եղել է»,- պատասխանեց նա:
Նկատենք, որ գումար խնայելու հիմնավորմամբ նոր խորհրդարանում չի գործում Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը: Ստացվում է, որ մի դեպքում գումար չկա, մյուս դեպքում տնտեսում է արվել, եւ նոր մեքենա գնվել:

 

 
ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Հունիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին, գրանցվել է 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

 

 

3,495.8 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԿՀԱՏԿԱՑՎԻ
2016թ. ապրիլին առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթյունային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը կիրականացվի Ռուսաստանի Դաշնությունում: ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ ՀՀ ՊՆ-ին այդ նպատակով 2017թ. առաջին կիսամյակում կհատկացվի 3,495.8 հազար դրամ:

 

 

ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հունիսի 28-ից ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդականի պարտականությունները:

 

 

ԴԺՎԱՐ Է ԱՊԱՀՈՎԵԼ
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը նշեց, թե 65 բյուջետային ծրագրի համար ոլորտին է հատկացվել 89 մլրդ դրամ: Ըստ նրա՝ ընդհանուր 260 մլրդ դրամ է գնահատվում պահանջը, մինչդեռ տրամադրվել է ընդամենը դրա 35%-ը, եւ ուստի ցածր միջոցներով դժվար է ապահովել լիարժեք ծառայություն: Նախարարի խոսքով՝ 5 հիմնական ծրագրերին են ուղղվել գումարները՝ դեղորայք, արտահիվանդանոցային ծախսեր, հիվանդանոցային ծառայություններ, այլ ծառայություններ եւ հանրային ու հարակից առողջապահական ծառայություններ:

 

 

ԱՆՎՃԱՐ ԿԼԻՆԵՆ
Ըստ հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանի՝ հանրային լողափերից 3-ը հանրային ծառայություններ մատուցող են, իսկ 8-ը նախատեսված է զուտ կարճատեւ հանգստի համար: Ծառայությունների մատուցման լողափերն իրենց մեջ ներառում են անվճար բուժսպասարկում, մանկական եւ սպորտային խաղահրապարակներ, հանգստի գոտիներ, տապչանների տրամադրում եւ այլն: Այս լողափերը, բացի սննդի հետ կապված վճարներից, այս տարի եւս կլինեն անվճար: Հանրային լողափերի թիվը 11 է։

 

 

ՆՈՐ ԼԻՑՔ
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային: Է. Նալբանդյանը նշել է, որ 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով եւ համալրվել նոր բովանդակությամբ։ Նախարարը հավելել է, որ Տոկիոյում եւ Երեւանում դեսպանատների հիմնումը նոր լիցք է հաղորդել համագործակցությանը:




Լրահոս