ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության՝ Մոսկվայի տարածաշրջանային մասնաճյուղը, մասնաճյուղի ղեկավար Շահեն Պետրոսյանի նախաձեռնությամբ, մեկնարկում է «Արցախի անապական գեղեցկություն բլոգերների աչքերով» հատուկ ծրագիրը:

Ծրագրի կազմակերպումն իրականացվում է Ռուսաստանի հայերի միության՝ Մոսկվայի մասնաճյուղի եւ Հայաստանում տուրիզմի պետական կոմիտեի եւ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության հետ համատեղ:
2017թ. օգոստոսի 6-11-ն ընկած ժամանակահատվածում բլոգերների խումբը ճանաչողական էթնիկ շրջագայության շրջանակներում կայցելի Արցախի գեղատեսիլ վայրեր, որոնք հայտնի են իրենց հարուստ պատմական եւ ճարտարապետական ժառանգությամբ: Հնագույն պատմական հուշարձաններ, հնամենի տաճարներ ու մենաստաններ, յուրօրինակ ճարտարապետական գլուխգործոցներ, խորունկ քարքարոտ քարանձավներ ու կիրճեր, այս ամենը բնորոշում է հնագույն Արցախի կոլորիտը: Բլոգերներն Արցախում կհանդիպեն նաեւ հանրապետության պաշտոնատար անձանց հետ:
Ծրագրի մասնակիցները տեսարժան վայրերի ուսուցողական շրջագայությունը կարող են համատեղել լեռնագագաթներում անմոռանալի հանգստի հետ: Ամբորջ ճանապարհին բլոգերները կայցելեն Հայաստանի հայտնի տեսարժան վայրերը, կճաշակեն հայկական ավանդական խոհանոցը եւ կծանոթանան հայկական մշակույթին ու սովորույթներին:
Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է, ինչ Մոսկովյան մասնաճյուղի նորանշանակ ղեկավար Շահեն Պետրոսյանը կազմակերպում եւ նախաձեռնում է հայապահպանության, առողջ ապրելակերպի քարոզչության կոչեր կրող միջոցառումներ: Իսկ ամիսներ առաջ կազմակերպված բազմամարդ հավաքով համայնքի անդամները հայտարարեցին, որ միանում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կոչին եւ պատրաստ են ներդրումներ անել հայրենիքում:
Ռուսաստանի հայերի միության՝ Մոսկվայի կառույցի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Շահեն Պետրոսյանը հայտնի է ինչպես հասարակության, այնպես էլ գործարար ոլորտում, նաեւ հանդիսանում է ավանդական կարատեի JKA Armenia ֆեդերացիայի հիմնադիրը: Հավելենք, որ Ռուսաստանի հայերի միության՝ Մոսկվայի մասնաճյուղի հետ սերտորեն կապված են մեր հայրենակիցների մի շարք անուններ: Նրանց ղեկավարության շարքին էր դասվում հանրահայտ վիրաբույժ Առնոլդ Արամի Ադամյանը, ով դժբախտաբար կյանքից հեռացել է 2012թ.: Ռուսաստանի հայերի միության քաղաքային մասնաճյուղը մինչեւ իր կյանքի վերջ` 2013թ., ղեկավարել է Գեղամ Լեւոնի Խալաթյանը:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս