ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում

Երեւանյան շոգը զբոսաշրջիկին ստիպել է պառկել ստվերի տակ: Հուսանք՝ նա չի հիասթափվի եւ մյուս տարի ամռանն էլի Հայաստան կգա:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով է կատարվում տասը տարին լրացած երեխայի ազգանվան փոխումը հայրության ճանաչման դեպքում։

Մհեր Դանիելյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հայրության ճանաչման դեպքում 10 տարին լրացած երեխայի անվան եւ ազգանվան փոխումը կարող է կատարվել՝ հաշվի առնելով նրա կարծիքը՝ գրավոր համաձայնությամբ: Այն դեպքում, երբ երեխայի հոր մասին տեղեկությունները նախկինում մոր դիմումի հիման վրա նշվել են նրա ծննդի ակտի գրանցման մեջ, բայց չեն համապատասխանում այն անձի վերաբերյալ տեղեկություններին, որը որպես երեխայի հայր է որոշվում, ՔԿԱԳ չի կարող մերժել հայրության որոշման գրանցումը եւ երեխայի հոր վերաբերյալ նոր տեղեկություններ մտցնելը:
Եթե ծնված երեխայի ծնողները գրանցված ամուսնության մեջ չեն գտնվում, եւ բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը` հայրության գրանցման վերաբերյալ, ապա հայրությունը որոշվում է դատական կարգով` համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այլ անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո` վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա: Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու փաստը կարող է հաստատվել դատական կարգով:

 

 

ՀԱՐՑ. Հայտնի է, որ Վարդավառի տոնը շարժական է, ու ամեն տարի այն անցկացնում ենք տարբեր օրերի։ Հետաքրքիր է իմանալ՝ այս տարի ո՞ր օրն ենք նշելու Վարդավառը։ Եվ խնդրում եմ մի փոքր ներկայացնել նրա խորհուրդը։

Նարինե Հայրապետյան (22 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաեւ ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երեւման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է:
Վարդավառ ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի: Ս. Գրիգոր Տաթեւացին տոնի Վարդավառ անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչեւ բացվելը թաքնված է իր պատյանի մեջ եւ բացվելով` երեւում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչեւ այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունն ու պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է ս. Պատարագ եւ կատարվում հոգեհանգիստ:
Այս տարի Վարդավառի տոնը նշվում է հուլիսի 23-ին։

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում եւ միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաեւ մեր օրերում։




Լրահոս