Ադրբեջանի բուլղարական թղթապանակը. Ցվետանա Պասկալևայի դեմ Ադրբեջանի դեսպանատան սանձազերծած արշավը կատարյալ ֆիասկոյի է մատնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության բոլոր ջանքերը՝ ստվերելու բուլղարացի լրագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի գործունեությունը, Բուլղարիայի թե պետական, թե հասարակական շրջանակների կողմից ուշադրության չեն արժանացել: Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանը ստիպված է եղել լրագրողի դեմ իրականացված ճնշումների ձախողման մասին զեկուցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնվելով համացանցում բաց հասանելիություն ստացած Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության վրա, 2017թ. հունվարին տեղի ունեցած նամակագրությունը, հետաքրքիր մանրամասներ է բացահայտում:

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան Պասկալևայի գործունեության վերաբերյալ զեկուցագրեր է ուղարկել անմիջապես Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: «Պասկալևայի գործունեության հարցը 2017-ի հունվարից սկսած պարբերաբար բարձրացրել ենք Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, ինչպիսիք են նախարարության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Գանաչո Գանաևը, նույն վարչության Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Գեորգի Պանայոտովը, երկկողմ հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Կոստադին Կոջաբաշևը:

Հանդիպումների ժամանակ մենք դժգոհություն ենք հայտնել Պասկալևայի վերաբերյալ և նշել, որ նման երևույթները վնասում են ադրբեջանա-բուլղարական հարաբերություններին: Նշել ենք, որ մեզ համար անընդունելի է այն հանգամանքը, որ Բուլղարիայի ժուռնալիստների միությունը և այլ հասարակական կազմակերպություններ օժանդակում են նրա քարոզչական գաղափարների տարածմանը: Մենք շեշտել ենք նաև Բուլղարիայի պետական մարմինների կողմից այս ամենի դեմն առնելու համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,-շարադրել է դեսպանը: Բնական է, որ բուլղարացի պաշտոնյաները դիվանագիտորեն խուսափել են ներքաշվել հարցի հետագա քննարկման մեջ:

Ադրբեջանի դեսպանատունը մեծ ջանքեր է գործադրել նաև Ցվետանա Պասկալևային Բուլղարիայի ժուռնալիստների և կինեմատոգրաֆիստների միություններից հեռացնել տալու ուղղությամբ: Դեսպանը չի ալարել ԱԳ նախարարին ուղղված զեկուցագրում շարադրել է բուլղարուհու դեմ բոլոր քայլերը. «Մենք նշել ենք նաև, որ անկախ այն հանգամանքից, որ Պասկալևան ապրել է Հայաստանում, նա ներկայումս Բուլղարիայի ժուռնալիստների և կինեմատոգրաֆիստների միությունների անդամ է և այդ հաստատություններն օգտագործում է որպես հարթակ իր կեղտոտ քարոզչության համար (Բուլղարիայի հայ համայնքի գործուն աջակցությամբ և մասնակցությամբ 2012թ. փետրվարին Բուլղարիայում ցուցադրվել է Պասկալևայի կողմից 1994 թվականին նկարված «Ղարաբաղի վերքեր» ֆիլմերի հավաքածուն)»:

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների հետ տեղի ունեցած բանակցությունների անարդյունավետությունը նրան դրդել է խնդրի հետ կապված նամակ ուղարկել նաև Բուլղարիայի ժուռնալիստների միություն, որում ներկայացվում են Ցվետանա Պասկալևայի գործունեության հանգամանքները: Ադրբեջանի դեսպանատան կողմից Բուլղարիայի ժուռնալիստների միության նախագահ Սնեժանա Տոդորովային ուղղված դիմումը նույնպես հիասթափությամբ է ավարտվել: 2017-ի ապրիլի 5-ին Ադրբեջանի դեսպանի խորհրդական Վուսալ Աբդուլլաևը հանդիպել է Տոդորովայի հետ՝ քննարկելու դեսպան Նարգիզ Գուրբանովայի՝ բուլղարացի լրագրողների հետ կազմակերպվելիք հանդիպման մանրամասները:Հանդիպման ժամանակ Աբդուլլաևը կրկին անդրադարձել է Բուլղարիայի ժուռնալիստների միության անդամ Ցվետանա Պասկալևայի գործունեությանը:

«Այս հանդիպմանը Սնեժանա Տոդորովան հայտնել է, որ ինքը մտերիմ չէ Պասկալևայի հետ և որ պարզապես նրա հետ ծանոթացել է 2000-ականներին Հայաստան կատարած այցի ժամանակ: Միության նախագահը նշել է նաև, որ Պասկալևան վերջին մեկ տարվա ընթացքում չի վճարել ժուռնալիստների միության անդամավճարը և սառեցվել է նրա անդամակցությունը: Միության նախագահը հատուկ նշել է, որ Պասկալևայի անդամակցության սառեցման միակ պատճառը եղել է անդամավճարի չվճարումը. այլ հանգամանքներ և ոչ էլ Ադրբեջանի հանգամանքը կապված չեն դրա հետ:

Միության նախագահը նշել է նաև, որ ինքն ուրախ կլինի, եթե իր ղեկավարած հաստատությունը կարողանա օգնել հայ- ադրբեջանական հակամարտության կարգավորման գործին: Լրագրողների միության նախագահը չի բացառել, որ Ցվետանա Պասկալևան անդամավճարները վճարելու դեպքում կրկին կդառնա միության անդամ ( ցույց տալով,որ որևէ այլ խանգարող հանգամանք չկա-խմբ.)»,- մանրամասնությամբ ներկայացված է զեկույցում: Ադրբեջանի դեսպանը, վրդովված Տոդորովայի վերաբերմունքից, նախարարին ուղղված զեկույցում նշում է. «Այս առումով հարկ է նշել, որ չնայած Սնեժանա Տոդորովան ինչքան էլ փորձեց լինել կոռեկտ և պահպանել հավասարակշռություն,քննարկման ժամանակ նրա բերած փաստարկները հաշվի առնելով մեր աչքից չվրիպեց, որ նրա սիրտը հակված է հայերի կողմը»:

Սնեժանա Տոդորովան ադրբեջանցի դիվանագետի հետ հանդիպմանը նշել է նաև, որ Բուլղարիայում կա հայերի մեծ համայնք, և այդ համայնքը մեծ ներդրում է ունեցել Բուլղարիայի պատմության մեջ: Ադրբեջանցի դիվանագետը ցանկացել է հանդիպել նաև Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միության նախագահին,քանի որ Ցվետանա Պասկալևան անդամակցում է նաև այդ միությանը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ցվետանա Պասկալևան հանդիսանում է նաև Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միության անդամ, այդ միության նախագահին ևս խնդրել ենք հանդիպել»,- եզրափակում է զեկույցը: Հատկանշական է իրողությունը, որ սա լրագրողների գործունեության դեմ ուղղված գաղտնազերծված միակ փաստաթուղթը չէ: «Արմենպրեսը» հաջորդիվ կներկայացնի նաև մյուս փաստերը:

Արամ Անանյան, Արեն Պետունց, Դավիթ Մամյան




Լրահոս