Ապրիլյան պատերազմի ընթացքում հրետակոծված և ավերված Թալիշում շարունակվում են վերականգնման աշխատանքները:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը և մանրամասնել, որ ընթացքի մեջ է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը, որտեղ այժմ կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ:
«Մեկնարկել է մանկապարտեզի հիմքի կառուցման աշխատանքները, ինչպես նաև պատրաստ է դպրոցի և հիմնանորոգվող առանձնատների նախագծերը: Առաջին փուլով նախատեսվում է հիմնանորոգել 16 առանձնատուն` բոլոր կոմունալ հարմարություններով»,-նշել է Վ. Պետրոսյանը:
Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ առայժմ Թալիշում բնակվում են միայն տղամարդիկ, իսկ կանայք և երեխանները ժամանակավոր ապաստանել են Արցախի տարբեր բնակավայրերում: «Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում ունենք ապաստանած 37 ընտանիք` շուրջ 140-145 բնակչով, Մատաղիսում` մոտ 50 բնակիչ, իսկ Արցախի մյուս բնակավայրերում ժամանակավոր բնակություն են հաստատել շուրջ 90 թալիշցիներ»,- հավելել է համայնքի ղեկավարը և ընդգծել, որ թալիշցիները ցանկանում են վերադառնալ իրենց գյուղ: