Առանց մուտքի վիզա ստանալու Միացյալ Նահանգներ կարող են այցելել Եվրամիության անդամ բոլոր երկրների քաղաքացիները բացառությամբ Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Լեհաստանի ու Ռումինիայի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Օտար երկիր առանց վիզա ստանալու պահանջի այցելությունը վկայում է հյուրընկալվող եւ հյուրընկալող երկրների միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաեւ քաղաքական նպատակահարմարության մասին: Հաճախ վիզային ռեժիմները վերացվում է հարեւան բարեկամ երկրների միջեւ՝ ավելի դյուրին դարձնելու առեւտուրը, զբոսաշրջությունն ու աշխատուժի հոսքը: Այն կիրառվում է նաեւ տարբեր տարածաշրջանային դաշինքների ու կառույցների անդամակցելու դեպքում:
Առանց մուտքի վիզա ստանալու Միացյալ Նահանգներ կարող են այցելել Եվրամիության անդամ բոլոր երկրների քաղաքացիները բացառությամբ Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Լեհաստանի ու Ռումինիայի: Ամերիկյան վիզա ստանալու պահանջից ազատված են նաեւ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, ինչպես նաեւ քաղաք-պետություններ Անդորրայի, Մոնակոյի եւ Սան Մարինոյի քաղաքացիները:
Բացի այդ ԱՄՆ-ն առանց վիզայի մուտք գործելու իրավունք է շնորհել Կանադայի, Չիլիի, Բրունեի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի եւ Թայվանի քաղաքացիներին:
Առանց վիզա ԱՄՆ-ն այցելելու ռեժիմը գործում է զբոսաշրջության եւ կարճաժամկետ աշխատանքային այցելության համար: Այն չի տրամադրում արտոնյալ այս երկրների քաղաքացիներին Միացյալ Նահանգներում աշխատելու կամ մշտական բնակչություն հաստատելու իրավունք՝ սահմանելով մոտ 90 օրյա ժամկետ ԱՄՆ-ի տարածքում գտնվելու համար: Առանց վիզայի մուտք գործելու իրավունքն այս երկրների քաղաքացիների համար չի գործում, եթե նրանք Իրաքի, Իրանի, Սուդանի կամ Սիրիայի քաղաքացի են:
Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ գործում է միակողմանի վիզային ռեժիմ: Հայաստանի կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարից ամերիկյան քաղաքացիների համար վերացվել է Հայաստան մուտք գործելու համար վիզա ստանալու պաhանջը, մինչդեռ ԱՄՆ-ն այցելելու համար Հայաստանի քաղաքացիները պարտավոր են ստանալ մուտք գործելու վիզա: Նշենք սակայն, որ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄՆ-ը մուտք գործելու իրավունքը տրամադրվում է հեշտացված կարգով՝ ներառյալ մինչեւ 10 տարվա ժամկետով բազմակի մուտք գործելու իրավունքը:
Այլ երկրների պարագայում առանց վիզա ստանալու պահանջի Հայաստան կարող են այցելել ինչպես Եվրամիության անդամ, այնպես էլ դաշինքից դուրս գտնվող եվրոպական բոլոր երկրների քաղաքացիները: ԱՊՀ անդամ պետությունների, Ուկրաինայի ու հարեւան Վրաստանի ու Իրանի քաղաքացիները եւս ազատված են մուտքի վիզա ստանալու պահանջից: Նույն իրավունքից են օգտվում նաեւ Լատինական Ամերիկայի պետություններից Ուրուգվայը, Արգենտինան ու Բրազիլիան: Մի շարք այլ երկրների պարագայում վիզային ռեժիմի ազատականացումը գործում է միայն դիվանագիտական կամ հատուկ անձնագրերի դեպքում:
Բոլոր վերոհիշյալ երկրների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գտնվել 180 օր ժամկետով մեկ տարվա ընթացքում: