«Եկա, տեսա, հաղթեցի». այսօր Հուլիոս Կեսարի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ Հուլիոս Կեսարին հռոմեական Սենատը հռչակել է ցմահ դիկտատոր: Կեսարը սերում է Հուլիոսների հարուստ պատրիկական (արտոնյալ դաս) ընտանիքից: Մ.թ.ա. 81–78թթ. ծառայել է Փոքր Ասիայում, 63թ. ընտրվել է մեծ պոնտիֆեքս (քուրմ), 61թ. նշանակվել է Հեռավոր Իսպանիա պրովինցիայի (վարչական միավոր) կառավարիչ: Մ.թ.ա. 60թ. վերադարձել է Հռոմ, ընտրվել կոնսուլ (բարձրագույն պաշտոնյա): Քաղաքական և զինվորական ազդեցիկ գործիչներ Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը (3 անձի իշխանություն):

Մ.թ.ա. 58–51թթ. Հուլիոս Կեսարը նվաճել է ողջ Անդրալպյան Գալիան (այժմյան Ֆրանսիայի տարածքը): Գնեոս Պոմպեոսը հաջողությամբ պատերազմել է Իսպանիայում, իսկ Մարկոս Կրասոսը 53թ. սպանվել է Հյուսիսային Միջագետքում՝ պարթևների դեմ ճակատամարտում:

Պոմպեոսը և Սենատը, վախենալով Հուլիոս Կեսարի ազդեցության մեծացումից, նրանից պահանջել են զորացրել բանակը, թեև նրա լիազորությունների ժամկետը չէր լրացել: Կեսարը մերժել է, որի պատճառով հայտարարվել է հայրենիքի թշնամի: Երկար խորհելուց հետո՝ 49թ.-ի հունվարի 10-ին, Հուլիոս Կեսարը որոշել է զորքով անցնել հյուսիսային սահմանը` Ռուբիկոն գետը, և մտնել Իտալիա: Գրեթե առանց դիմադրության գրավել է Հռոմն ու ամբողջ Իտալիան և ժամանակավորապես հռչակվել դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնյա):

Մ.թ.ա. 49–45թթ. Պոմպեոսի գլխավորած Սենատի զորքերի և Կեսարի միջև սկսվել է քաղաքացիական պատերազմ: Բոլոր ճակատամարտերում (Իսպանիայում, Հունաստանում, Աֆրիկայում) Պոմպեոսի զորքերը պարտվել են: Մ.թ.ա. 48թ.-ի վերջին և 47թ.-ի սկզբին Կեսարը, միջամտելով Եգիպտոսի գահակալական պայքարին, պարտության է մատնել եգիպտական թագավորական զորքին և Եգիպտոսի թագուհի հռչակել Կլեոպատրա VII-ին: Մ.թ.ա. 47թ.-ի գարնանը Փոքր Ասիայում կռվել է Միհրդատ VI Եվպատորի որդու՝ Փառնակեսի դեմ և այնքան արագ է նրան պարտության մատնել, որ Հռոմ ուղարկած նամակում գրել է. «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜»:

Սենատը ճանաչել է ժողովրդի՝ նրան տված Հայր հայրենյաց պատվանունը: Հուլիոս Կեսարն ստացել է տրիբունի անձեռնմխելիության իրավունք և մ.թ.ա. 48թ. հռչակվել դիկտատոր, 44թ.-ից՝ ցմահ դիկտատոր, ստացել իմպերատոր (կայսր, տիրակալ) տիտղոսը, հանրապետության բոլոր զորքերի հրամանատարությունը, մշտապես դափնեպսակ և ծիրանի (թիկնոց) կրելու իրավունք:

Ի տարբերություն նախորդ ռազմական և քաղաքական գործիչներ Մարիոսի և Սուլլայի՝ Կեսարը չի հալածել քաղաքական հակառակորդներին, այլ աշխատել է իր կողմը գրավել նրանց: Կատարել է մի շարք բարեփոխումներ՝ տնտեսական, նահանգների կառավարման, հարկային, վարչական, դրամական և այլն: Հաստատել է Հուլյան տոմարը (կոչվում է նրա անունով), որը 1582թ. փոխարինվել է Գրիգորյան տոմարով: Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով պետք է արշավեր Հայաստան ու Պարթևստան: Սակայն Կեսարի միահեծան իշխանությունից դժգոհ հանրապետական սենատորները (ավելի քան 80 հոգի) կազմակերպել են դավադրություն՝ Մարկոս Բրուտոսի գլխավորությամբ, որին Կեսարը համարում էր իր բարեկամը: Սենատի նիստում (մ.թ.ա. 44թ.-ի մարտի 15-ին) դավադիրները շրջապատել են Կեսարին և սպանել նրան: Կեսարը, մարդասպանների մեջ տեսնելով իր նախկին ընկերոջը` Բրուտոսին, բացականչել է. «Եվ դո՞ւ, Բրուտոս»:

Հուլիոս Կեսարը նաև գրող էր ու պատմագիր: Մեզ են հասել «Նոթեր գալլական պատերազմի մասին» (7 գրքով) և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» (3 գրքով) երկերը, Ցիցերոնի (Կիկերոն) դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր, բանաստեղծություններ և այլն:

Հուլիոս Կեսարի մտքերը` իր և կյանքի մասին:

Ոչ մի հաղթանակ այդքան չի տալիս, որքան կարող է խլել մեկ պարտությունը:

Եկա, տեսա, հաղթեցի:

Իշխանությունը հաղթում եւ ուժեղանում է միայն այն դեպքում, երբ խելացի է գործում:

Իմ կնոջ վրա չպետք է ընկնի անգամ կասկածի ստվերը:

Մարդիկ հեշտությամբ հավատում են նրան, ինչին ուզում են հավատալ:

Չի կարելի վիրավորել հյուրին:

Ավելի շատ են այն մարդիկ, ովքեր հեշտությամբ գնում են մահվան, քան համբերությամբ տանում են ցավը:

Փորձն ամեն ինչ սովորեցնում է:

Ես կնախընտրեի լինել առաջինն աղքատիկ քաղաքում, քան երկրորդը` Հռոմում:

Ուժով կառուցիր ինքդ քո ճանապարհը:

Անցնել Ռուբիկոնը:

Ամենավտանգավոր թշնամին թաքնվում է այնտեղ, որտեղ ամենաքիչն եք նրան փնտրում:

Յուրաքանչյուր մարդ իր կյանքի դարբինն է:




Լրահոս