Ադրբեջանի իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի շահերը սպասարկող Haqqin.az լրատվական գործակալության ղեկավար Էյնուլլա Ֆաթուլաևի ֆեյսբուքյան էջը Facebook-ն արգելափակել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատճառը հուլիսի 4-ին ԼՂ շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով մահացած երկու ամյա երեխայի նկարներն իր էջում տարածելն է: Facebook-ի ղեկավարությունը գնահատել է իրավիճակը, որպես օգտատիրոջ կողմից «հասարակական նորմի խախտում»:
Արդյունքում Ֆաթուլլաևի ֆեսյբուքյան հաշիվն արգելափակվել է: Ուշագրավ է, որ սադրիչ գործողություններից հետո հենց Haqqin.az-ը և նրա ղեկավարն էր սկսել մահացած ադրբեջանցիների լուսանկարների տարածումը՝ փորձելով մանիպուլյացիայի ենթարկել ադրբեջանական ու միջազգային հանրությանը: Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ընդ որում, Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ քաղաքացիական բնակչությանն օգտագործել է որպես կենդանի վահան՝ կրակելով բնակեցված գյուղին մոտ տեղակայված կայանքներից: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհի և մեկ վիրավորի մասին: