ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրակաշառք բաժանելու հարցում մի քանի ուժ է առնչված եղել. Արմեն Ռուստամյանը խոստովանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրով Հայաստանի վարչապետ նշանակելու իրավասությունը տրված է իշխող կուսակցությանը, սակայն ՀՅԴ խմբակցությունն իր տեսակետն արտահայտելու եւ քննարկումներ անելու հնարավորություն անպայման ունենալուն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե իրենք այժմ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հետ էլ շատ լավ աշխատում են, եւ հետագայում գլխավոր հարցը պետք է լինի ծրագրերն իրականացնելու համար լավագույն թիմ ունենալը:

-Պարո՛ն Ռուստամյան, խորհրդարանական և ավագանու ընտրություններից հետո հետընտրական իրավիճակի ականատես չեղանք: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր պատճառը. ընդդիմությունը պայքարի հիմք չտեսա՞վ, թե՞ հասարակությունն էր հիասթափված:

-Գլխավոր պատճառն այն է, որ որեւէ մեկը չի կասկածում, թե ընտրատեղամասերում խախտումներ են եղել, որը մեր հիմնական խնդիրն էր մշտապես: Այսինքն, ընտրատեղամասերում, նախորդ ընտրությունների հետ համեմատ, իսկապես անհամեմատ եւ աննախադեպ մաքուր ընտրություններ են եղել: Ակնհայտ է, որ ամեն քվեարկած քվեաթերթիկի հետեւում կոնկրետ անձ կա, եւ մեկ անձ կա, այլ ոչ թե նախկինի պես, երբ մի հոգի կարող էր մի քանի քվեաթերթիկ օգտագործել, բազմակի քվեարկություն կատարել: Այս ամենն իսկապես աննախադեպ նոր որակ բերեց, եւ կարող ենք խոսել մաքուր ընտրությունների մասին: Այն խախտումները, որոնք եղել են ընտրատեղամասից դուրս, չեն եղել ուժի սպառնալիքով. խոսքը ընտրակաշառքի երեւույթի մասին է: Այն մնում է որպես հիմնական խոչընդոտ՝ ավելի արդար ընտրություններ անցկացնելու համար: Ընտրակաշառքը ընտրությունների ժամանակ խիստ բացասական ազդեցություն է ունենում եւ աղավաղում ընթացքը, բայց այն կախված է նաեւ ընտրողների գիտակցությունից: Իրենք պետք է շատ լավ հասկանան, որ իրենց քվեն ուժ է եւ պետք չէ վաճառքի առարկա դարձնել:

Մանրամասները`տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս