«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ լավատեսական լուրեր ստացվեցին հեռավոր Պրագայից, որտեղ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ճանապարհների գործարկման շուրջ բանակցություններ են ընթանում:
Ինչպես նշում է «Կոմերսանտ» պարբերականը, Մոսկվայի եւ Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կոչել 2011-ին ՌԴ եւ Վրաստանի միջեւ «Առեւտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքով:
Սա չափազանց կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վերին Լարսով, որը տարվա մի զգալի մասը անանցանելի է դառնում ձնաբուքերի, մերկասառույցի, փլուզումների ու այլ տարերային աղետների պատճառով, ինչը զգալի վնասներ է հասցնում մեր գործարարներին:
Եթե ՌԴ եւ Վրաստանի ներկայացուցիչները եկել են վերջնական համաձայնության եւ պայմանավորվածությունն անշրջելի է, ապա Հայաստանը կստանա Ռուսաստանի հետ կապող մի շատ հարմարավետ, կարճ ու հուսալի ցամաքային ճանապարհ: Խոսքը Վրաստանի եւ Աբխազիայի տարածքով անցնող ավտոճանապարհի մասին է, այսպես կոչված՝ Պսոու-Վեսյոլայա անցակետով անցնող ճանապարհն է: Այս ավտոճանապարհի միակ խնդիրն այն է, որ անցնում է Սեւ ծովի ափամերձ տարածքով եւ ամռանն ու վաղ աշնանը ծանրաբեռնվում է զբոսաշրջիկների պատճառով:
Այս ճանապարհը շատ ավելի կարճ է Հայաստանից դեպի Ռուսաստանի Հարավ-արեւմտյան շրջաններ ուղեւորվողների համար: Մյուս ճանապարհը, որը կարող է բացվել, հայտնի Ռոկիի թունելով անցնող ճանապարհն է: Այս ուղին տեխնիկական խնդիրներ է ունենում կամայական երեւույթներով պայմանավորված, սակայն անհամեմատելի է Վերին Լարսով անցնող ճանապարհի հետ: Հարավային եւ Հյուսիսային Օսեթիաների տարածքով եւ Ռոկիի թունելով անցնող այս ճանապարհը հարմար է Ռուսաստանի Կենտրոնական եւ Հարավ-արեւելյան շրջաններին կապվելու համար:
Մի խոսքով, եթե վրաց-ռուսական պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչվեն, ապա մեր քաղաքացիները եւ գործարարները կստանան Ռուսաստանի հետ շատ ավելի հուսալի եւ էժան տրանսպորտային միջանցք, որը դրական ազդեցություն կարող է թողնել մեր տնտեսության վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում