Սաղմոսավանի ջրաղբյուրը «ոտքի է կանգնում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ դժվարությամբ հաղթահարելով լեռնային ճանապարհի ոլորանները՝ հասանք Սաղմոսավանի ջրաղբյուր, գործը եռում էր: Քասախի ձորում կապալառուն՝ «Էմօշին» ՍՊԸ-ն արդեն զգալի գործ էր արել: Մայիսին` մեր առաջին այցելության ժամանակ իրավիճակն այստեղ ոչ միայն այլ էր, այլեւ անհուսալի էր թվում: Գալն էլ, այն խոսքը չէ: Ճանապարհ չկար: Այդպես էլ հանելուկ մնաց, թե նախկին ջրամատակարարը ինչպես էլ այցելում Սաղմոսավան, ինչպես էր, ասենք, քլորով կոնտեյներները տեղ հասցնում: Համատարած կանաչի մեջ միայն մի արահետ էր երեւում: Լեռնային քարքարոտ «ճանապարհը» մի կերպ անցանելի դարձնելու համար, ինքնաթափերով բետոն էին բերում ու մարդաբոյ փոսերը լցնում-հավասարեցնում:

Իրավիճակն այդ պահին արտակարգ էր, թանկ էր յուրաքանչյուր օր, ժամանակը իրոք որ չէր սպասում: Գարնանային անձրեւները ակտիվացրել էին սողանքային գործընթացները, քարաթափումներ էին սկսել, զգալիորեն վնասվել էին Սաղմոսավանի սանիտարական գոտու քլորակայանը ու ջրահավաք ավազանը: Ժայռաբեկորների ծանրության տակ մայրուղային ջրատարը ճզմվել-տափակել էր: Աղտոտման հետեւանքով, ջրի որակը այլեւս չէր համապատասխանում պահանջներին:

Վեոլիա Ջուրը առանց երկմտելու որոշում էր ընդունել դադարեցնել կառույցի աշխատանքը: Ավելին, ակնհայտ էր, որ պետք էր ոչ թե եղածը վերանորոգել, այլ կառուցել նոր ջրաղբյուր: Իսկ մինչ այդ, Աշտարակ քաղաքն ու հարակից Ուշի, Օհանավան ու Կարբի գյուղերին սկսվեց ջուր մատակարարել այլ աղբյուրից պոմպակայանի միջոցով: Թանկ էր ստացվում, բայց այլ չկար: Ավելի ճիշտ, ելքը աղբյուրի շուտափույթ վերակառուցումն էր: Դրա համար էլ, հակառակ ընդունված կարգի, նախագծողն ու շինարարը միաժամանակ մտան Քասախի ձոր, իրավիճակը պահանջում էր միաժամանակ իրականացնել աղբյուրի վերականգնումը: Եւ գործն առաջ գնաց:

Այսօր արդեն պատկերն այլ է, տարածքն անճանաչելիորեն փոխվել է, շինտեխնիկան հանգիստ աշխատում է. նեղվածք չի, գործիք ու շինանյութ դնելու տեղ կա: Հավաքվել են բարձրորակ մասնագետներ, ովքեր աշխատում են, հրաշալի հասկանալով գործի կարեւորությունը: Ճանապարհն էլ քիչ թե շատ բարեկարգվել է: Քլորատունը փաստորեն կառուցվում է զրոյից, թիվ 2 ջրահավաք ավազանը նույնպես: Ինչպես հավաստիացրեց Վեոլիա Ջրի Շինաշխատանքների համակարգման բաժնի պետ Գագիկ Այվազյանը, մոտ 25 օրից ջրահավաք ավազանը պետք է շահագործվի: Ասենք, քլորակայանն էլ թերեւս այդ ժամկետում կկառուցվի, սակայն այստեղ նոր սարքավորումների տեղադրման խնդիր կա:

Դրանք, ի դեպ, արդեն պատվիրվել են: Իսկ նոր, ժամանակակից սարքավորում, դա նաեւ նշանակում է ջրի որակի երաշխիք երկար տարիների համար: Դրանում ի պաշտոնե շահագրգռված էր Վեոլիա Ջրի Ջրի Որակի վարչության պետ Մինաս Բելլույանը, ով տիրոջ աչքերով էր դիտարկում իրավիճակը: Ի վերջո, նա էլ համոզվեց, որ կապալառուն ոչ միայն արագ է աշխատում, այլեւ որակով: Ապագայում խնդիրներ չենք ունենա: Սպառողը կարող է հանգիստ լինել: Երեւան վերադառնալուց առաջ, մենք փորձեցին Սաղմոսավանի ջրի համը. այն ուղղակի հրաշալի է: Ջուրը, ցավոք, առայժմ թափվում է Քասախ, վայրկյանում մոտ 40 լիտր քանակությամբ:

Բայց ոչինչ, քիչ մնաց: Կենարարը հեղուկը շուտով կհոսի հին ճանապարհով: Օրվա մասին, ինչ խոսք, կավետենք ուրախությամբ:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Հ.Գ. Վեոլիա Ջուր ընկերության համակարգում այսօր կա ավելի քան 180 ջրաղբյուր:

Դրանիցից մի քանիսը լավ ծանոթ են սպառողներին. Գառնի, Կաթնաղբյուր, Ապարան, Արզնի, որոնք հիմնականում ջուր են մատակարարում Երեւանին: Մյուսները ավելի շատ հայտնի են մարզերի բնակիչներին: Կան նաեւ զուտ գյուղական նշանակության աղբյուրներ: Դրանց հզորությունը վայրկյանում մի քանի լիտրից մինչեւ մի քանի հազար լիտր է: Տարբեր է նաեւ աղբյուրների տեխնիկական վիճակը: Բայց բոլորին միավորում է նշանակությունը` որպես կյանքի աղբյուրի:

Անգամ ամենափոքր աղբյուրը կյանք է տալիս մի բնակավայրի: Բայց եթե խոսքը գնա ընդամենը մի քանի ընտանիքի մասին, ապա միեւնույն է, նրանք արժանի են եւ պետք է գտնվեն հասարակության ուշադրության կենտրոնում: Այստեղից էլ այն կարեւորությունը, որ տալիս է Վեոլիա Ջուրը աղբյուրների պահպանմանը, տեխնիկական վիճակին ու վերանորոգմանը:

Կից՝ աշխատանքների ընթացքի մասին լուսանկարների շարքը:




Լրահոս