Հայաստան-ԵՄ. կրթական համագործակցության նոր հեռանկարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին` ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և Ֆինանսական և իրավական համակարգման բաժնի ղեկավար Նիկոլ Սմիթը: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը` Հայաստանի կրթության ոլորտին տրամադրվող շարունակական աջակցության համար: Ըստ նախարարի` Հայաստանի կրթական համակարգը կառուցվածքի առումով համադրելի է եվրոպական միասնական կրթական տարածքին, և ներկայումս ԵՄ աջակցությունն է ակնկալվում` կրթության որակի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներում, մասնավորապես, Կրթության ազգային ինստիտուտի վերափոխման, ուսուցիչների վերապատրաստման, դասագրքաստեղծ կենտրոնի ստեղծման, դպրոցներում էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպես նաև նոր կրթակարգի, չափորոշիչների և կրթական բովանդակության մասով: Լևոն Մկրտչյանը նաև նշել է, որ Էրազմուս ծրագիրը բավականին արդյունավետ է կիրառվում ՀՀ բարձրագույն կրթական համակարգում,  և հայաստանյան բուհերն ակտիվ մասնակցում են այդ ծրագրին: Ըստ նախարարի` խնդիր է ուսանողների ներքին շարժունության ապահովման հարցը: Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ լայնածավալ բարեփոխումներ են նախատեսվում բուհական համակարգում` ֆինանսավորման մեխանիզմների և բուհերի հավատարմագրման գործընթացների հետ կապված: Նախարարը տեղեկացրել է նաև, որ մշակման փուլում է գտնվում Տավուշի մարզի ծրագիրը՝ հաշվի առնելով այդ մարզի կրթական առանձնահատկությունները: Ծրագրի արդյունավետ լինելու պարագայում` այն կկիրառվի նաև ՀՀ այլ մարզերում:

ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն իր հերթին նշել է, որ կարևորում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը, և ՀՀ կառավարության աջակցությամբ մտադրություն կա կրթության և գիտության ոլորտը բարելավելու նպատակով կիրառել TAIEX և TWINNING գործիքները:  Նա ողջունել է նաև e-learning համակարգի փորձնական ծրագրի ներդրումը Հայաստանում և պատրաստակամություն հայտնել  համագործակցել ՀՀ-ում գործող միջազգային այլ կազմակերպությունների հետ` կրթության ոլորտը զարգացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին. նշվել է, որ մտադրություն կա  Հայաստանի տարբեր մարզերում ընդլայնել TUMO-ի ցանցը և ԵՄ աջակցությամբ հնարավորություն ստեղծել  startup–ների և նոր ծրագրերի իրականացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտի վերաբերյալ այլ հարցեր:




Լրահոս