ՊԲ-ն պատրաստ է իրավիճակից ելնելով հարձակողական գործողություններ ձեռնարկել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:
Հանդիպման մեկնարկին ողջունելով բարձրաստիճան հյուրերին, բանակի հրամանատարը վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններին՝ դրանք որակելով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած զանգվածային հարձակում՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից գործողության մեջ դրված հատուկ նշանակության ուժերը, մեծ քանակությամբ զրահատանկային ստորաբաժանումները, համազարկային, հրթիռային եւ հրետանային միջոցները, արդի տեխնոլոգիաներ պարունակող զինատեսակներն ու ընտրված հարվածային ուղղությունները:
Այնուհետեւ Լեւոն Մնացականյանը ներկայացրել է հետապրիլյան աշխատանքները՝ նշելով, որ կատարվել են համակողմանի վերլուծություններ, ներկայացրել տեղ գտած բացթողումների ու թերացումների վերացման ուղղությամբ կատարված եւ կատարվելիք գործընթացների համալիրը:
Ներկայումս առաջնագծում տիրող իրադրությունը որակելով որպես կայուն վերահսկվող՝ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ պաշտպանության բանակն ի վիճակի է համարժեք պատասխանելու հակառակորդի սադրանքներին եւ պատրաստ է իրավիճակից ելնելով ձեռնարկել նաեւ հարձակողական գործողություններ:
Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին առաջնագծում ինժեներական կահավորման, մարտական հերթապահությունն էլ ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, բանակում կիրառվող նորարարություններին, տեսադիտարկման համակարգերի հնարավրություններին ու արդյունավետությանը: