ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաեւ Թբիլիսիի եւ Մոսկվայի Հարավային Օսիայով եւ Աբխազիայով առեւտրային միջանցքների շուրջ պայմանավորվածությանը:
Տեղեկացնենք, որ հուլիսի 7-ին Պրահայում տեղի է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի միջեւ հերթական հանդիպումը։ Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի` Մոսկվայի եւ Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են իրագործել 2011թ․ պայմանագիրը «Առեւտրային միջանցքների մասին»՝ վրաստանյան նախկին ինքնավարություններ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներով։
Մասնավորապես, Աբաշիձեն ու Կարասինը համաձայնության են եկել ավարտել 2011թ․ համաձայնագրի շուրջ խորհրդակցություններն ու անցնել շվեյցարական SGS ընկերության հետ գործարքների ձեւակերպման, որը վերահսկելու է Ռուսաստանից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ «առեւտրային միջանցքներով» ապրանքների ու բեռների տեղափոխումը: Աբաշիձեն ռուսաստանցի բանակցողին տեղեկացրել է նաեւ, որ եթե ՌԴ-ն «պատրաստակամություն ցուցաբերի, ապա Թբիլիսին նույնպես պատրաստ կլինի ստորագրել SGS-ի հետ գործարք»։
Ըստ Վահան Մարտիրոսյանի` դա կախված է ռուս-վրացական հարաբերություններից: «Աշխատանքներ տարվում են երկու կողմից: Նաեւ` այս ուղղությամբ աշխատում է շվեյցարական կողմը: Հուսով ենք, որ մոտ ապագայում այս խնդրին կունենանք հստակ լուծում: Հայտնի է, որ սա Հայաստանի համար ձեռնտու է, որովհետեւ մենք կունենանք Վերին Լարսին այլընտրանք`երկրորդ եւ երրորդ ճանապարհները»,- հայտարարեց նախարարը:
Ի դեպ, նշենք, որ այս նպատակով ստեղծվելու է ռուս-վրաց-շվեյցարական եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվելու է համաձայնագրի իրագործմամբ։
«Հիմա աշխատում են ռուս-վրացական-շվեցարական աշխատանքային խմբերը, իսկ վերջին հանդիպումը եղել է Պրահայում: Առաջիկա տարբեր հանդիպումների ընթացքում քայլ առ քայլ կգնան առաջ»,- լրացրեց նախարար Վահան Մարտիրոսյանը:
Հայտնի է, որ 2011 թվականի համաձայնագրի իրագործումը շահավետ է ոչ միայն Ռուսաստանի ու Վրաստանի, այլեւ Հայաստանի համար: Քանի որ այսպես կգործարկվի Հարավային Օսիայի տարածքով անցնող ավտոմայրուղին, որն էլ Հայաստանի համար Վերին Լարսին այլընտրանք է:
Նախ` բեռնափոխադրումները կհեշտանան, կունենանք այլընտրանքային ճանապարհներ, կստեղծվի մրցակցություն, որն էլ եւ ներմուծման եւ արտահանման դեպքում ազդեցություն կունենա գների վրա:
Լրագրողներից մեկի հարցին`դա վերաբերում է ավտոճանապարհների՞ն, թե՞ երկաթգծին, նախարարը պատասխանեց, որ չի որոշակիացվում, բայց զուգահեռ բոլոր քննարկումներն ընթանում են:
«Նորից նշեմ` դա ավելի շատ ռուս-վրացական քաղաքական հարաբերություններից է կախված: Իսկ թե երբ առեւտրային միջանցքները կյանքի կկոչվեն, մենք կարող ենք միայն հուսալ, որ դա կլինի շատ արագ»,- հույս հայտնեց նախարար Վահան Մարտիրոսյանը:
Սյունէ Համբարձումյան