Կառավարությունը 3600 եվրո կտա Արդարադատության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը արդարադատության նախարարությանը առաջիկայում կհատկացնի 3600 եվրոյին համարժեք դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով այս տարվա մայիսի 18-ի վճռի համաձայն` ՀՀ-ն դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 3600 եվրոյին համարժեք դրամ: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը օգոստոսի 18-ն է:

Ասել է թե` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 3600 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել է Ռոբերտ Նիկողոսյանը` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա` 2011 թվականի դեկտեմբերի 3-ին: Ի դեպ, Ռոբերտ Նիկողոսյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին աշխատակից, 2009 թվականին ազատվել է աշխատանքից:
Ապա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա օգտին վճիռ է կայացրել եւ աշխատանքից ազատման որոշումն անվավեր ճանաչել: Ապա հրահանգել է վերականգնել նրան նախկին պաշտոնում եւ տալ համապատասխան փոխհատուցումը:

Սակայն դատարանի վճիռը իրականացնելու համար քայլեր չեն ձեռնարկվել, ինչի արդյունքում Ռ. Նիկողոսյանը դիմել է ՄԻԵԴ: Նշենք, որ Նիկողոսյանը պահանջում էր ավելի քան 10.5 մլն դրամ: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի վճիռը հինգ տարի չի կիրառվել: ՄԻԵԴ-ը գտել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են կոնվենցիայի հոդվածները: Ապա վճռել, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը եւ սեփական գույքից անարգել օգտվելու իրավունքին առնչվող 1-ին արձանագրության 1-ին հոդվածը:




Լրահոս