«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա եռօրյա միջոցառումները տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը:
ԵՐԵՎԱՆ. Հուլիսի 13, 2017թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, Aurora Dialogues քննարկումները եւ մի շարք այլ կարեւոր միջոցառումներ տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը Հայաստանում: Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու եւ մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ գործարար առաջնորդներ: Միջոցառումները կամփոփվեն երրորդ ամենամյա «Ավրորա» մրցանակի շնորհմամբ: Այն համաշխարհային մարդասիրական մրցանակ է, որը տրվում է մարդկային կյանքը փրկելու եւ մարդասիրական գործունեությունն ամրապնդելու գործում բացառիկ ազդեցության համար: Մրցանակի դափնեկիրը 1 միլիոն դոլարի դրամաշնորհը տրամադրում է կազմակերպությունների, որոնք ոգեշնչել եւ նպաստել են իր գործունեությանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ վերապրածների ժառանգների կողմից, որոնք ցանկանում են երախտագիտությունն արտահայտել գործով:
«Ուրախ ենք, որ կարողանում ենք անել այս ամենը նրանց հիշատակին եւ հանրությանն իրազեկում ենքաշխարհի տարբեր վայրերում մարդկանց դեմ իրականացվող վայրագությունների մասին՝ պարգեւատրելով նրանց, ովքեր շարունակ պայքարում են այդ խնդիրների դեմ՝ վտանգելով սեփական կյանքը», – ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Հայաստանը, որն առաջընթաց է ապրել՝ չնայած անցյալի տառապանքներին, հավակնում է դառնալ մարդասիրական գաղափարների, քննարկումների եւ գործունեության համաշխարահային կենտրոն: Մյուս տարի եւս անցկացնելով այս կարեւոր միջոցառումները՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ձգտում է շարունակել գործով արտահայտել երախտագիտությունը՝ աջակցելով կարիքի մեջ գտնվողներին»:
2018թ. միջոցառումների ընթացքում տեղի կունենան Aurora Dialogues քննարկումները, որը միջազգային հարթակ էգիտնականների եւ փորձագետների համար՝ ուսումնասիրելու եւ քննարկելու հումանիտար մարտահրավերները: Համաժողովը ձգտելու է բացահայտել խնդիրները, վերլուծել անցյալի դասերը եւ խրախուսել նորարարական գործունեությունը ներկայում՝ ապագան լավը դարձնելու նպատակով: 2018թ. Aurora Dialogues քննարկումների եւ «Ավրորա» մրցանակի միջոցառումների ժամանակացույցը եւ լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն առաջիկա ամիսներին www.auroraprize.com կայքում:
2018թ. «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչեւ 2017թ. սեպտեմբերի 8-ը https://auroraprize.com/hy/prize/detail/nominatenow հասցեով:
Մայիսի 28-ին Երեւանում երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրը հայտարարեց 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի՝ բժիշկ Թոմ Քաթինայի անունը: Որպես «Ավրորա» մրցանակի երկրորդ դափնեկիր բժիշկ Քաթինան արժանացավ 100,000 դոլար պարգեւի այն նվիրված աշխատանքի համար, որն իրականացնում է Սուդանի՝ պատերազմից եւ սովից քայքայված Նուբա լեռներում որպես տեղի միակ վիրաբույժ: Պարգեւից բացի բժիշկ Քաթինան հնարավորություն ստացավ՝ 1 միլիոն դոլար դրամաշնորհի առաջադրելու կազմակերպությունների: Դրանք են Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամը (AMHF), Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB) եւ Aktion Canchanabury-ն: Այս կազմակերպությունները շարունակելու են աջակցել կարիքավոր եւ տառապանքի մեջ գտնվող համայնքներին՝ այսպիսով շարունակելով նվիրատվության շղթան:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր լուսահոգի Էլի Վիզելը Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահն էր:
«Ավրորա» մրցանակի մասին
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվելու է 100.000 դոլար պարգեւ եւ բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու վրա։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։
Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):
Ավելին՝ www.auroraprize.com