ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Այսպես, ՀՀ ՔԿ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Ք. Թ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 20.01.2017թ.-ին պարտք ու պահանջի հարցերի շուրջ իր հետ վիճաբանող կինը խլել է իր պայուսակը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում` նույն օրը, Ք. Թ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում բացատրություն է տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ` հայտնելով նաեւ պայուսակում 1.960.000 ՀՀ դրամ գումարի առկայության մասին: Սակայն ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցը նրան հորդորել է նոր բացատրություն տալ` դրանում չնշելով գումարի առկայության մասին: Ոստիկանը սպառնացել է հակառակ դեպքում Ք. Թ.-ին քրեական պատասխանատվության ենթարկել, եթե նշված գումարի առկայությունը վերջինս չկարողանա ապացուցել:
Ք. Թ.-ն երկրորդ անգամ է բացատրություն տվել` առանց գումարի մասին նշելու: Հետագայում պարզել է, որ իր սկզբնական բացատրությունը գործի նյութերին չի կցվել:
Այսպիսով, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն: