«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն երեկվա ասուլիսի ժամանակ խոսել է ԼՂ խնդրից՝ հայտարարելով, որ պետք չէ միայն սահմանափակվել երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումներով: Նրա խոսքերով՝ պետք է ակտիվորեն աշխատել Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Դեսպանը մանրամասն խոսել է նաեւ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մասին՝ կրկնելով նախկինում հնչեցրած տեսակետը, թե չնայած բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին՝ հատկապես առեւտրաշրջանառությունը հեռու է գոհացնող լինելուց:
«Հայ-ֆրանսիական տարեկան առեւտրաշրջանառությունը կազմում է մոտավորապես 50 մլն եվրո, եւ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն»,- ասել է դեսպանը: Հատկանշական է այն հանգամանքը, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մակարդակի մասին շատ է խոսվել: Դեռ նախորդ տարվա մարտին Սերժ Սարգսյանն իր մոտ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ, հայտարարել էր, թե երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա չեն «առեւտրաշրջանառության ծավալները մեր երկրների միջեւ դեռեւս գոհացուցիչ չեն:
Ֆրանսիայի հետ մենք ունենք շատ մեծ ներուժ՝ այդ հարաբերությունները զարգացնելու… Մեր պետական կառույցները, հիմնադրամները, սակայն, չեն կարող լիարժեք աշխատել այլ երկրներում, եթե մեր դեսպանատների ուշադրության կենտրոնում չլինեն այս հարցերը, եւ նրանք սերտորեն չհամագործակցեն»: Ու պետք է արձանագրենք, որ այս հայտարարություններից ավելի քան մեկ տարի անց նույն վիճակն է, իշխանություններն այս ուղղությամբ այդպես էլ լուրջ քայլեր չեն արել, եւ հիմա նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն է արձանագրում տխուր իրողությունը»:
Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում