«Աղջիկը խեր է, աղջկա բոյին մեռնեմ». սելեկտիվ աբորտները հատկապես շատ են երկրորդ և երրորդ հղիությունների դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջաններում իրականացնում է միջոցառումներ, որոնց նպատակն է հանրային իրազեկման միջոցով Գեղարքունիքի մարզում պայքարել սելեկտիվ աբորտների դեմ։ Ծրագրի շրջանակներում «Դարույնք» երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ մարզի տարբեր համայնքներում կազմակերպվում են ինտերակտիվ ֆորում-թատրոններ:

«Գեղարեգ» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Դոշտոյանը նկատում է, որ իրենց կողմից ուսումնասիրվել են Գեղարքունիքի մարզի 2014 և 2015 թվականների ծնունդների թվերը ըստ համայնքների, և պարզվել է, որ մարզում նորածինների շրջանում տղա-աղջիկ հարաբերակցության տարբերությունն առավել ցայտուն է Գավառի, Սևանի և Մարտունու տարածաշրջաններում: Ըստ ուսումնասիրությունների՝ այդ միտումն առաջին երեխայի դեպքում շատ քիչ է արտահայտված:

Պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման հավանականությունը Հայաստանում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում, մեծանում է երկրորդ և երրորդ հղիությունների դեպքում, երբ ընտանիքում պարտադիր է դառնում տղա երեխա ունենալը: «Մեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառներից գլխավորը իրազեկվածության ցածր մակարդակն է»,- ասում է Գրիգոր Դաշտոյանը:

Նա նաև նշում է, որ Գեղարքունիքի մարզում առկա են պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման հետևյալ նախադրյալները՝ հասարակությունը բնույթով հայրիշխանական է, և տղա երեխաներին գերադասում են աղջիկներից, տղա երեխաներին գերադասում են ընտանիքի ավագները (տատիկներ, պապիկներ), առկա տեխնոլոգիաներն ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալ երեխայի սեռը, զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ, ընտանիքները ցանկանում են, որպեսզի հետագայում իրենց խնամողներ լինեն, և համարում են, որ խնամողը հետագայում արու զավակն է լինելու, գերդաստանի ավագները ցանկանում են, որ իրենց տոհմը շարունակողներ լինեն:

Կազմակերպված ֆորում-թատրոնի շրջանակներում երիտասարդները ներկայացնում են խնդրի վերաբերյալ իրական պատմությունների հիման վրա ստեղծված իրավիճակներ, որից հետ հնարավորություն է տրվում հանդիսատեսին առաջարկելու հնարավոր ելքային լուծումներ։ Յուրաքանչյուր իրավիճակի ներկայացումից հետո կազմակերպվում է քննարկում։

59-ամյա Հայկուշ տատը կոչ է անում երիտասարդներին, որպեսզի Աստծո պարգևից երբեք չհրաժարվեն: «Եթե հնարավոր լիներ, ևս երեք աղջիկ կբերեի»,- ասում է նա:

«Երեք շխշիկ աղջիկ թոռ ունեմ»,- հպարտությամբ ներկաներին պատմում է իր աղջիկ թոռների առավելությունները ներկաներից մեկը։

«Աղջիկը խեր է, աղջկա բոյին մեռնեմ»,- իր թոռնիկի լուսանկարներն էր հեռախոսի օգնությամբ ցուցադրում տատիկներից մեկը:

«Ես երբեք իմ հարսին չեմ ստիպել, որ ուլտրաձայնային հետազոտության գնա»,- ասաց Ձորագյուղի տատիկներից մեկը և բոլոր երիտասարդ հարսներին կոչ արեց, որ երբեք թույլ չտան ընտանիքի ավագների միջամտությունն այդ հարցին:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և ՀԵՀ հայտարարած մրցույթի շրջանակներում։




Լրահոս