Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, որը ընտրակեղծարարի համբավ ունի եւ Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացել էր կեղծ դիտորդ, հանրակրթության ոլորտում որոշել է հեղափոխություն անել:
Ըստ մեզ հասած լուրերի՝ նա օրերս իր մոտ է հրավիրել մի շարք դպրոցների եւ մանկապարտեզի տնօրենների եւ հայտարարել, որ ուսուցիչները պետք է հատուկ զգեստ կրեն, չպետք է լինեն բարձրակրունկներով, մանկապարտեզի դաստիարակները պետք է գետնին նստեն սաների հետ եւ նման այլ հայտարարություններ:
Այս հանգամանքը խիստ վրդովվեցրել է մի շարք տնօրենների: Նրանք արդարացիորեն բողոքում են, թե ինչ աշխատավարձ են ստանում մանկավարժները, որ հիմա էլ համապատասխան հագուստի մասին հոգան կամ գետնին նստեն՝ 40 հազար դրամ ստանալով:
Այնպես որ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ճիշտ կաներ՝ նման հրահանգներ տալուց առաջ մտածեր մանկավարժների ցածր աշխատավարձը ինչ-որ կերպ բարձրացնելու ուղիների մասին:
Արման Գալոյան