ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը փող չունի: Համենայն դեպս, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` նա ոչ դրամական միջոց ունի, ոչ էլ` եկամուտ: Գյումրեցի պատգամավորի միակ ունեցածը երկու հողամասն է, մեկ բնակարանը, անհատական բնակելի մեկ տունը եւ BMW 760 LI մակնիշի ավտոմեքենան:
Մինչդեռ 2011 թվականին, երբ Ղուկասյանը զբաղեցրել է Գյումրու քաղաքապետի պաշտոնը, ունեցել է 90 միլիոնի չափ դրամական միջոց, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է տարեկան 2 մլն 665 հազար 840 դրամ աշխատավարձ: Բացի այս, 2011 թվականին Ղուկասյանը ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 26 մլն 171 հազար դրամ, վարձայկալության դիմաց` 600 հազար դրամը: Նաեւ` ՚այլՙ եկամուտ էլ է ունեցել`30 մլն դրամի չափով:
Բայց 2012 թվականին նրա դրամական միջոցը ավելացել է`90 մլն դրամից դառնալով 100 մլն դրամ: Նույն տարում նա ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 15 մլն դրամ, իսկ որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը կազմել է ավելի քան 2 մլն դրամ: 2012 թվականին վարձակալության դիմաց ստացած գումարը կազմել է 600 հազար դրամը, իսկ այլ եկամուտը`35 մլն դրամ:
Պատգամավորի կինը`Նոնա Ղուկասյանը նոր հայտարարագիր չի ներկայացրել: Բայց կա նրա 2011 թվականի հայտարարագիրը, որտեղ նշված է, որ ունի 100 միլիոնի չափ դրամական միջոց: Նույն տարում Ղուկասյանի տիկինը որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացած ավելի քան 1 մլն 300 հազար դրամ գումարը: Իսկ ահա պատգամավորի տիկինը 2011 թվականին ստացել է տարեկան 16.5 մլն դրամ աշխատավարձ: Ստացվում է, որ Ղուկասյանի տիկինը ավելի շատ է աշխատավարձ ստացել, քան ինքը:
Նկատենք, որ Ղուկասյան ամուսինների դուստրերը`Մանյան եւ Անննան նույնպես ներկայացրել են 2011 թվականի հայտարարագրերը: Ըստ այդմ` նրանցից Մանյա Ղուկասյանը հայտարարագրել է, որ վարձակալության դիմաց ստացել է 300 հազար դրամ: Իսկ ահա մյուս դուստրը` Աննա Ղուկասյանը, ձեռնարկատիրական գործունեությունից 2011 թվականին ստացել է 59.5 մլն դրամ:
Հետաքրքրիր է, թե որքան է այժմ կազմում Ղուկասյանների ընտանիքի անդամների ունեցվածքն ու դրամական միջոցները: Հուսանք պատկան կառույցի ներկայացուցիչները կհոգան, որպեսզի Ղուկասյանի տիկնոջ, դուստրերի եւ քրեական աղմկալի պատմություններում հայտնվող որդու` Սպարտակ Ղուկասյանի նոր հայտարարգրերը եւս հանրությանը ներկայացվեն: